Մեգակլիս Պետմեզաս. Շատ գոհ ենք Երեւանում Executive MBA ծրագրի զարգացման տեմպերից

27.01.2018 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Շեֆիլդ #Մեգակլիս Պետմեզաս
Banks.am-ի հարցազրույցը Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի փոխնախագահ Մեգակլիս Պետմեզասի հետ
 
- Դոկտոր Պետմեզաս, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Շեֆիլդի համալսարանը:

- Շեֆիլդի համալսարանը Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարաններից է, որն ընդգրկված է «Աշխարհի լավագույն 100 համալսարաններ» եւ «Մեծ Բրիտանիայի համալսարանների լավագույն 10% հետազոտական ներուժի համար» վարկանիշերում:

Ըստ QS Top Universities 2018 վարկանշի, այն աշխարհում զբաղեցնում է 82-րդ, իսկ Եվրոպայում` 26-րդ տեղը: Այն պատկանում է «Աշխարհի լավագույն համալսարանների» 1%-ին եւ 2017թ. The Times Higher Education Student Experience հարցման արդյունքների համաձայն՝ արժանացել «Համար 1 համալսարան կոչմանը ըստ ուսանողական փորձի»: Բացի այդ, Շեֆիլդի համալսարանը պատկանում է The Russel Group-ին, որի մեջ մտնում են միայն Մեծ Բրիտանիայի լավագույն 24 համալսարանները։

Այն առաջատար հետազոտական հաստատություն է, որն ունի համաշխարհային համբավ վայելող որակ: Վեց Նոբելյան մրցանակակիրների անունները կապված են համալսարանի պատմության հետ: Շեֆիլդի համալսարանը բաղկացած է վեց ֆակուլտետներից: Հինգը գտնվում են Մեծ Բրիտանիայում, իսկ Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետը՝ Սալոնիկում (Հունաստան):

- Ի՞նչ դեր է կատարում Սալոնիկում գտնվող Միջազգային ֆակուլտետը:

- Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետը Շեֆիլդի համալսարանի անբաժանելի մասն է: Այն առաջարկում է բարձրորակ բրիտանական կրթություն Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի ավելի լայն շրջանի համար: Որպես անգլախոս հաստատություն՝  մենք ունենք լեզվական եւ էթնիկ տարբեր ծագում ունեցող ուսանողներ: Նրանց թվում կան մի քանի հայ ուսանողներ, որոնց մենք վերաբերվում ենք որպես Եվրամիության ուսանողների: Սա նշանակում է, որ հայ ուսանողների համար գործում են ավելի ցածր ուսման վարձ եւ բարձր կրթաթոշակներ:

Առաջարկում ենք բակալավրի եւ մագիստրատուրայի հետեւյալ ծրագրերը՝ Բիզնես եւ Տնտեսագիտություն, Համակարգչային գիտություն, Հոգեբանություն եւ Անգլերեն: Բացառիկ ուսանողները շարունակում են ուսումը ասպիրանտուրայում: Մենք հատկապես հպարտ ենք մեր Executive MBA ծրագրով, որն այժմ գործում է յոթ տարբեր երկրներում`դարձնելով այն ամենաուժեղ MBA ծրագրերից մեկը: Բոլոր գիտական աստիճանները շնորհվում են անմիջապես Շեֆիլդի համալսարանի կողմից:

- Շեֆիլդի համալսարանի The Executive MBA ծրագիրը մեկնարկել է Երեւանում 2016թ. հոկտեմբերին: Ինչպե՞ս կգնահատեք վերջին 1,5 տարվա ձեր աշխատանքը:

- Մենք շատ գոհ ենք Երեւանում գործող Executive MBA ծրագրի զարգացման տեմպերից: Թույլ տվեք սկսել ուսանողների որակական հատկանիշներից: Նրանք դեպի բարձունքներ ձգտող մենեջերներ են, որոնք վճռական են գերազանց կրթություն ստանալու հարցում: Սա ոչ միայն ազդում է նրանց անձնական առաջընթացի վրա, այլեւ օգնում է այն ընկերություններին, որոնց համար նրանք աշխատում են: Նրանք կիրառում են առավել արդիականացված գիտելիքները իրենց աշխատանքային պրակտիկայում՝ ապահովելով իրենց կազմակերպության աճը:


- Երեւանում Executive MBA ծրագրով սովորող ուսանողների թիվը ձեզ գոհացնո՞ւմ է: Արդյոք պլանավորո՞ւմ եք ավելացնել այդ թիվն ապագայում:

- Այո, մենք իսկապես գոհ ենք: MBA ծրագիրը Հայաստանում համեմատաբար նոր է, սակայն, այն արդեն հայտնի է իր ակադեմիական որակով եւ բիզնես-մոտեցմամբ: Տարեցտարի աճում է ծրագրին մասնակցող մենեջերների թիվը, եւ մենք զգում ենք, որ մարդիկ մեզ հետ սովորելու իրական հետաքրքրություն են ցուցաբերում:

- Երբեմն մարդիկ ասում են, որ Հայաստանի նման փոքր երկրները կարիք չունեն այդպիսի թվով MBA շրջանավարտների, քանի որ տնտեսության չափերը թույլ չեն տալիս «կլանել» նրանց: Ի՞նչ կարծիքի եք նման մոտեցման մասին:

- Որեւէ երկիր կամ տնտեսություն չի կարող իր աճով գերազանցել այդ տնտեսությունը վարող մարդկանց գիտելիքի մակարդակը: Հետեւաբար, որքան շատ են կրթված մարդիկ, այնքան ավելի շատ են տնտեսական աճի եւ, հետեւաբար, սոցիալական զարգացման հնարավորությունները: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ նույնիսկ ամենափոքր երկրները կարիք ունեն այնպիսի մենեջերների, որոնք կրթություն են ստացել լավ մշակված MBA ծրագրով:


- Մասնակիցները կարող են ընտրություն կատարել վեց մասնագիտացումների միջեւ (Ընդհանուր կառավարում,  Մարքեթինգ, Ֆինանսներ, Լոգիստիկա, Առողջապահության կառավարում, Մարդկային ռեսուրսների կառավարում): Ո՞րն է ամենահայտնի մասնագիտությունը հայ ուսանողերի շրջանում:

- Դա կախված է նրանից, թե ինչ հիմք ունեն ուսանողները եւ դեպի ուր են ցանկանում ուղղել իրենց կարիերան: Օրինակ, Հայաստանում MBA-ի որոշ ուսանողներ արդեն զբաղեցնում են բարձր դիրքեր իրենց ընկերություններում կամ կազմակերպությունում, այսպիսով` նրանք ցանկանում են դառնալ փորձագետներ: Մյուսները ցանկանում են շարունակել իրենց կարիերան այլ ուղղությամբ: Մյուսները կարծում են, որ MBA-ի ծրագիրը կտա իրենց անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ սեփական բիզնես սկսելու համար:

- Կարո՞ղ եք Հայաստանին բնորոշ որեւէ առանձնահատկություն նշել՝ համեմատած այն երկրների հետ, որտեղ աշխատում եք:
    
- Հայաստանը հարուստ պատմություն ունեցող ազգ է: Այնուամենայնիվ, որպես վերջերս անկախացած պետություն, զարգանալու համար երկրին անհրաժեշտ են ռեսուրսներ: Երբ խոսում եմ ռեսուրսների մասին, մարդիկ սովորաբար մտածում են փողի մասին, բայց ես նկատի ունեմ մարդկային ռեսուրսները: Մարդիկ պետք է օժտված լինեն գիտելիքով եւ փորձով, որպեսզի փոխեն տնտեսությունը եւ հասարակությունն ընդհանրապես:


- Որո՞նք են ձեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակները Հայաստանում:
 
- Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը եկել է Հայաստան՝ երկար մնալու նպատակով: Մեր Executive MBA ծրագիրը արդեն ունի իր ազդեցությունը գործարար միջավայրի վրա: Մենք նաեւ նախատեսում ենք կազմակերպել նորարարական սեմինարներ, որոնք կբավարարեն կոնկրետ կարիքները: Օրինակ, մարտին մեր Executive Education Institute-ը (EDI) կանցկացնի «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» խորագրով սեմինար եւ «Ուղեղի վրա հիմնված մեթոդներով առաջնորդների ուսուցում» խորագրով սեմինար/դասընթաց: Այս ամենը կլինի «Երեւանում Շեֆիլդի համալսարանի օրեր» միջոցառման շրջանակում: Կներկայացվեն նաեւ բակալավրում եւ մագիստրատուրայում սովորելու հնարավորությունները եւ նոր կրթաթոշակները: Այդ միջոցառումը տեղի կունենա մարտի 5-6-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Դիտում՝ 37408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai