«Կրպակ»-ը` «Սթար»-ի փոխարեն. անպատասխան հարցեր

10.01.2014 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Նախորդ տարեվերջին սպառողներին ուշադրությունը գրավեց «Սթար» առեւտրային ցանցի նախկին մասնաճյուղերում բացված «Կրպակ» խանութների ցանցը:

Լուրեր պտտվեցին, թե «Կրպակ»-ը պատկանում է սնանկ ճանաչված «Սթար»-ի սեփականատիրոջը:  Banks.am-ը փորձել է պարզել` ի՞նչ կապ կա ներկա եւ նախկին առեւտրային ցանցերի միջեւ:

«Սթար» առեւտրային ցանցի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի նախկին պատասխանատու Լիդա Քոչարյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշեց, որ «Սթար»-ի գրասենյակը փակվել է, իսկ ««Կրպակ»-ի եւ «Սթար»-ի սեփականատերերի միմյանց հետ կապ ունենալ-չունենալու վերաբերյալ տեղեկությանը չի տիրապետում»:

Սնանկ ու նորաբաց խանութների ցանցի հնարավոր կապի մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ «Կրպակ»-ից: Խանութի Թումանյան 20 հասցեում գտնվող մասնաճյուղի մենեջերը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սթար»-ի հետ որեւէ կապ չունեն, սակայն հրաժարվեց տրամադրել նորաբաց խանութների ցանցի տնօրինության կամ մեկ այլ պատասխանատուի հեռախոսահամար` ասելով, որ «դա կարող ենք գտնել իրենց կայքում, որը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում»:

Ֆեյսբուք ցանցում գործող «Կրպակ»-ի պաշտոնական էջում եւս որեւէ կոնտակտային տվյալներ գտնել հնարավոր չեղավ: Էջին գրված մեր նամակն անպատասխան մնաց:

«Սփյուռ» եւ «Արեգ» տեղեկատվական համակարգերից մեզ հայտնեցին, որ տիրապետում են միայն խանութների հասցեների վերաբերյալ տվյալներին:

Ի դեպ, խանութների ցանցի Ֆեյսբուքի պաշտոնական էջի համաձայն, ներկայումս գործում է «Կրպակ»-ի 8 մասնաճյուղ Երեւան քաղաքում, եւ մեկը` Հրազդանում:

Երեւանում գործող 8 մասնաճյուղերը տեղակայված են «Սթար»-ի նախկին խանութների տարածքում:  Այս հանգամանքը, բնականաբար, որոշակի առավելություն է տալիս «Կրպակ»-ին. դրանով լուծվում է նորաբաց խանութի հաճախորդներին ներգրավելու խնդիրը: Միայն թե հարց է առաջանում` ինչո՞ւ է «Կրպակ»-ը խուսափում առավել բաց ներկայանալ հանրությանը:

Կարծում ենք, նորաբաց խանութների ցանցը առաջին հերթին ինքը պետք է շահագրգռված լինի ներկայանալ սպառողներին որպես բաց ու թափանցիկ ծառայություն մատուցող ընկերություն, ինչի հնարավորությունը Banks.am-ը պատրաստ է տրամադրել:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 11297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai