«Տաշիր» առեւտրի կենտրոնում կբացվի Armenian Brands հարթակը

14.06.2016 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերությունն իր Armenian Brands նախագծի շրջանակում նախատեսում է «Տաշիր» առեւտրի կենտրոնում ձեւավորել առանձնացված հարթակ, որտեղ կտեղակայվեն հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայկական ընկերություններ:

Armenian Brands նախագծի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը Banks.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ առեւտրի կենտրոնի մեկ հարկն առանց վարձավճարի կտրամադրվի հայրենական արտադրողներին, որոնք կվճարեն միայն կոմունալ ծախսերի դիմաց:

«Ընկերությունն այս քայլով փորձում է խթանել հայրենական արտադրությունը: Սկսնակ եւ արդեն կայացած ընկերությունները հնարավորություն կստանան մեկ հարթակով ներկայանալ հանրությանը՝ պայքարելով այն ներմուծողների դեմ, որոնք խախտում են առողջ բիզնես ցիկլը: Վերջիններս շուկա են ներմուծում ցածր գներով անորակ ապրանքներ, որոնց ֆոնին հայկական շատ ավելի որակյալ արտադրանքը դիտվում է որպես միջինից թանկ, ինչը խոչընդոտում է տեղական արտադրության զարգացումը»,- ասել է Մարիաննա Քաբաբյանը:

Նա ընդգծել է, որ հայկական արտադրողներին մեկ միասնական հարկի տակ հավաքելով՝ զբոսաշրջիկների եւ ներքին սպառողների համար ավելի հեշտ է դառնում գտնել այս ընկերություններին:

Հարթակի բացումը նախատեսվում է մոտ ժամանակներս, սակայն կոնկրետ ժամկետներ դեռեւս չկան:

«Շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնում է միայն ներքին հարդարման աշխատանքներն ու կահավորումը, որից հետո հայ արտադրողները կներկայանան հանրությանը»,- նշել է նա:

Մարիաննա Քաբաբյանի խոսքով՝ առեւտրի կենտրոնի նորաբաց հարթակում կներկայացվեն Անահիտ Սիմոնյանի, Վահան Խաչատրյանի, Արամ Նիկոլյանի, Ալիսա Հարությունյանի, Գայանե Մարտիրոսյանի դիզայներական աշխատանքները:

Armenian Brands նախագծի շրջանակում ներկայացված կլինեն «Պռեգոմեշ», Sali, RAF KANIAN, Ava Shoes, Avava, Armos, «Ալեքս տեքստիլ» եւ այլ ապրանքանիշեր:

Դիտում՝ 49284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai