Հայաստանին դժվար ժամանակներ են սպասում, կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը

30.09.2014 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր ասել է, որ տարածաշրջանի զարգացումների, պատժամիջոցների եւ աշխարհաքաղաքական դժվարությունների հետեւանքով Հայաստանին դժվարին ժամանակներ են սպասում:

Նա նշել է, որ այդ կապակցությամբ որոշ ոլորտներում սպասվում է զգուշավոր մոտեցում, իսկ կառուցվածքային բարեփոխումների առումով` վճռականություն:

«Սպասվող իրավիճակում իշխանությունների հսկողության ներքո գտնվող հարցերում պետք է վճռական գործողություններ կատարել»,- նշել է նա:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվածից ցածր կլինի տնտեսական աճի ցուցանիշը` 2,5%, ինչը բացատրվում է ներքին եւ արտաքին գործոններով:

«Դա պայմանավորված է Ուկրաինայի տնտեսական իրավիճակով եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որոնք ազդում են Հայաստանից արտահանման գործընթացի եւ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ցուցանիշների վրա»,- ասել է նա եւ նկատել, որ ստեղծված անորոշությունն ազդում է նաեւ երկրում ներդրումների եւ վստահության մակարդակի վրա:

Անդրադառնալով ներքին իրավիճակին` Մարկ Հորթոնը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է թերակատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում խոշոր կապիտալ ծրագրերի վրա` միաժամանակ նպաստելով տնտեսական աճի դանդաղեցմանը: Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին` բանախոսը նշել է, որ այս պահին ակնկալվում է, որ այն կկազմի ՀՆԱ-ի մոտ 1,5%-ը, իսկ բյուջեում որպես թիրախային ցուցանիշ սահմանված է 2,3%-ը:  

Խոսելով ԱՄՀ կողմից Հայաստանում իրականացվող «Երկարաձգված ֆինանսավորման» ծրագրի առաջին փուլի արդյունքների եւ եզրակացությունների մասին` նա նշել է, որ մասնավոր հատվածի գրեթե բոլոր ոլորտներում դրական ազդանշաններ են դիտվում:

«Մասնավորապես, Բաց երկնքի քաղաքականության արդյունքում զգալիորեն նվազում են ինքնաթիռի տոմսերի գներն ու ավելանում չվերթների քանակը, ինչը դրական է ազդում զբոսաշրջության վրա: Բարենպաստ զարգացումներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում», - նշել է Մարկ Հորթոնը:

ԱՄՀ ներկայացուցիչը ծրագրի առաջին փուլի արդյունքը լայն իմաստով գոհացուցիչ է համարել, նշելով, որ բանակցություններն ավարտին կհասցվեն մոտ տասը օրից` Վաշինգտոնում կայանալիք ամենամյա ժողովի շրջանակներում: Արդյունքում դեկտեմբերին  ակնկալվում է ծրագրով նախատեսված ֆինանսավորման երկրորդ մասը` $17 մլն-ի չափով:

Դիտում՝ 1469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai