Քննարկվել է Դիլիջանի զարգացման ծրագիրը

16.09.2014 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տեխնիկական ծրագրի ներքո մշակված` Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱԶԲ-ի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում եւ Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:

«Կառավարությունը եւ Ասիական զարգացման բանկը 2011թ.-ին հաստատել են Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագիրը՝ միտված Հայաստանի քաղաքային բնակավայրերում առաջնային ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը՝ 400 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով: Մենք կարեւորում ենք տարածքային համաչափ զարգացումը եւ այդ համատեքստում առաջարկել ենք նաեւ մշակել ծրագրեր՝  որոշակի ուղղություններով գրավչություն ներկայացնող վերը նշածս չորս քաղաքների համար։ Կորոշվի ընտրված քաղաքներում ներդրումային ծրագրերի եւ բարելավումների առաջնահերթությունների ցանկը: Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տեւողությունը կլինի 10 տարի»,- նշել է վարչապետը:     

Հովիկ Աբրահամյանի խոսքով, այս ծրագրերը հիմնականում կկենտրոնանան զարգացման եւ քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը եւ ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը եւ այլն:

Վարչապետը նշել է, որ Գյումրու, Ջերմուկի, Վանաձորի եւ Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային պլանների ներքո ընտրված ծրագրերից մի քանիսի դեպքում հնարավոր է, որ կառավարությունը քննարկի ֆինանսավորման աջակցության դիմելու հավանականությունը, այդ թվում՝ ԱԶԲ-ին:

Հովիկ Աբրահամյանը նաեւ իր գոհունակությունն է հայտնել ԱԶԲ-ին՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման, աղբահանության եւ այլ ոլորտներում իրականացվող շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

«Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակում մենք կկարողանանք ուժեղացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները եւ բարելավել մեր ենթակառուցվածքները՝ դրանով իսկ մեծապես նպաստելով մեր տնտեսության ներդաշնակ զարգացմանը։ Քաղաքային կայուն զարգացման ծրագրերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է վարչապետը:

ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը: Նա նաեւ նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացված  առաջարկությունների հիման վրա Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի եւ կներկայացվի հանրությանը:

ԱԶԲ-ի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության եւ ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը:  

Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են  Դիլիջանում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացվածությունը եւ միջազգային դպրոցի բացումը:

Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:

Դիտում՝ 2234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai