ԿԲ գնահատմամբ, 2013-ին ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է եղել

18.04.2014 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ 2013-ին ՀՀ  ֆինանսական համակարգը շարունակել է կայուն մնալ` ցուցաբերելով աճի միտումներ եւ ունակ լինելով դիմակայել տարբեր ռիսկերի ու շոկերի:

Ներկայացնելով 2013-ի ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունը` Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող իրադարձություններն էական ազդեցություն չեն ունեցել ՀՀ ֆինանսական կայունության վրա:

Հաշվետվության համաձայն, 2013-ին ՀՀ ֆինանսական հաստատություններում էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, ինչը, սակայն, մեր երկրի համեմատ ԿԲ-ն գնահատում է ցածր եւ կառավարելի: Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ, իրականացված սթրես-թեստերը փաստում են, որ Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի է եւ կապիտալացված` շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

2013-ին պահպանվել են ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը: ՀՀ հիմնական առեւտրային գործընկեր հանդիսացող Եվրամիության որոշ երկրներում եւ Ռուսաստանում տնտեսական աճը նախատեսվածից ավելի փոքր է եղել, սակայն դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էական չի եղել: Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ 2013-ին 2012-ի համեմատ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների ծավալների շուրջ 13% աճ է նկատվել, աճել է նաեւ արտահանման ցուցանիշը:

Փոխարենը տնտեսության աճի տեմպի վրա բացասաբար է անդրադարձել միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների ցածր մակարդակը, ՀՀ-ում` արդյունաբերության եւ շինարարության ծավալների նվազումը: Արտահանման ծավալում գրանցված աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանողների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացողների վարկունակությունը:

2012-ի համեմատ դանդաղել է բանկային համակարգի վարկերի աճի տեմպը, որի արդյունքում ավանդների առաջանցիկ աճի միտումների պահպանման պայմաններում զգալիորեն ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը: Ըստ հաշվետվության, ՀՀ բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բավական բարձր կապիտալի համարժեքության եւ իրացվելիության ցուցանիշներ: Հաշվետու ժամանակահատվածում նկատվել է բանկային համարագրի շահութաբերության նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի  նվազումամբ: Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ, բոլոր տիպի վարկերի եւ ավանդների տոկոսադրույքը շարունակել է նվազել, նվազել է նաեւ շահույթի մարժան:

Ամփոփելով` ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը նշել է, որ ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է պահպանել ամփոփ ցուցանիշների աճ` ռիսկերը պահպանելով կառավարելի մակարդակում, իսկ դրա կապիտալացվածության բարձր մակարդակի պահպանումը եւ իրացվելիության աճը հանգեցրել են ֆինանսական կայունության ամրապնդման:


Դիտում՝ 1898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai