Արցախում կստեղծվի երիտասարդ գործատուների միություն

15.04.2014 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուներ»-ի միությունն ամփոփել է ս.թ. ապրիլի 11-13-ը Արցախ կատարած գործարար այցի արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը, այցի նպատակն էր Արցախում նմանատիպ կառույցի հիմնումը, Հայաստանի եւ ԼՂՀ-ի երիտասարդ գործատուների համագործակցության հարթակի ստեղծումը, նրանց համատեղ ինտեգրումը եվրոպական նմանատիպ կառույցներին, գործարարների դերի արժեւորումն ու ներդրումային գրավչության բարձրացումը:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, ում ներկայացվել են համագործակցության նպատակներն ու հեռանկարները: ԼՂՀ վարչապետը ողջունել է գործատուների նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Արցախում Երիտասարդ գործատուների միության  ստեղծմանը եւ հետագա աշխատանքին, ավելացնելով, որ ԼՂՀ կառավարությունը տարբեր հարցերի շուրջ զգում է գործարար դաշտի համապատասխան արձագանքի պակասը եւ հույս ունի, որ Միությունը կլրացնի այդ բացը:

Ապրիլի 12-ին կայացել է նիստ-քննարկում երեւանյան հյուրերի եւ Արցախի երիտասարդ գործատուների միջեւ, որի ընթացքում կողմերը հանդես են եկել համագործակցության առաջարկներով: Նիստը շարունակվել է ըստ ոլորտների՝ դեմ առ դեմ քննարկումներով, որոնց ընթացքում դրվել են համագործակցության առաջին հիմքերը:

Մուշեղ Ավետիսյանի գնահատականով, իր տեսակով այս միջոցառումը առաջինն էր, «այն շատ կարեւոր է հատկապես Արցախի գործարար ոլորտի զարգացման համար, հաշվի առնելով Արցախի գործարար դաշտի մեկուսացվածությունը հատկապես արտադրական ձեռնարկությունների առումով»:

Արցախի երիտասարդ գործատուների միության ստեղծման համար նշանակվեց անդրանիկ նիստ, որի ընթացքում էլ կհաստատվի կանոնադրությունը եւ կընտրվի Միության նախագահ:

Այցի ընթացքում գործատուներին ընդունել է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ իր օրհնությունն է փոխանցել երիտասարդ գործատուներին, մաղթելով նրանց նախաձեռնություններին հաջողություններ՝ ի նպաստ Արցախի գործարար ոլորտի զարգացման:

«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուներ»-ի միության հաջորդ այցը նախատեսվում է Լոռու մարզ՝ Միության մասնաճյուղ հիմնելու նպատակով:

Դիտում՝ 2483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai