Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը բարձրացել է 3 կետով

04.09.2013 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-2014 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով` 148 երկրների թվում զբաղեցնելով  79-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի  հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Նա նշել է, որ վարկանիշերի հաշվարկման հիմքում վիճակագրական տվյալներն են եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Նախորդ տարվա համեմատ զեկույցում ավելացել է երկրների քանակը:

2013-2014 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 20 կետով առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական պատրաստվածության, 19-ով` մակրոտնտեսական միջավայր/կայունության, 14-ով` ապրանքների շուկայի արդյունավետության հենասյուներում: Ֆինանսական շուկայի զարգացվածությունը առաջընթաց է գրանցել 2 կետով, գործարարության կատարելագործվածությունը` 5:

20, 7, 5 եւ 2 կետով բացասական տեղաշարժ են գրանցել համապատասխանաբար  աշխատուժի շուկայի արդյունավետության, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, առողջապահության եւ տարրական կրթության, ինչպես նաեւ շուկայի չափի հենասյուները: Զեկույցի համաձայն, դրական տեղաշարժ կա բիզնեսի վարման կատարելագործվածության, տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզում: Ոչ բարենպաստ դիրքում են գտնվում նորարարության,  վարկերի ստացման հեշտության եւ կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչները:

ՀՀ մրցունակության առավելությունների թվում զեկույցում ամրագրված են նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը`10-րդ տեղ, աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատելու գործելակերպը`12-րդ տեղ, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը`24-րդ տեղ, ներդրումների պաշտպանվածության ուժգնությունը` 25-րդ տեղ եւ պետական կառավարման բեռը`34-րդ տեղ:

ՀՀ մրցունակության ուշագրավ թերություններն են կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, երկրում տաղանդների պահպանման ունակությունը` 121-րդ տեղ, մաքսային գործընթացի բեռը` 123-րդ տեղ, արտաքին շուկայի չափի համաթիվը` 127-րդ տեղ եւ ՀՆԱ-ի միջին արտահանման մասնաբաժինը` 130-րդ տեղ:

ԱՊՀ տարածաշրջանի, (ներառյալ` Վրաստանը) երկրների խմբում զգալի տեղաշարժ չի նկատվել: 11 կետով հետընթաց է գրանցել Ուկրաինան` զբաղեցնելով 84-րդ տեղը, 7 կետով զգալի առաջընթաց կա Ադրբեջանում, որը 39-րդ տեղում է:

Մանուկ Հերգնյանը նշել է, որ 2005-ին, երբ  առաջին անգամ Հայաստանն ընդգրկվեց զեկույցում, 79-րդ տեղում էր: «Մինչեւ 2010թ-ը նկատվեց հետընթաց, որից հետո  կատարվեց դրական տեղաշարժ եւ կրկին 79-րդ տեղում ենք, թեպետ ավելացել է երկրների թիվը»,-ասել է նա:

Դիտում՝ 2489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai