Սոցփաթեթ. +30 հազար քաղաքացի եւ այսուհետ բանկերի միջոցով

15.02.2013 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարվանից սոցիալական փաթեթում ընդգրկված 120 հազ. քաղաքացիական եւ պետական ծառայողներին ավելացել է եւս շուրջ 30 հազ. քաղաքացի, այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այս տարվանից սոցփաթեթ է հատկացվում նաեւ պետական հաստատությունների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, ԳԱԱ աշխատակազմին եւ նրան ենթակա ՊՈԱԿ-ների աշխատակիցներին, Հայաստանում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ «ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած անձանց, Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցներին (բացառությամբ տնօրենի եւ նրա տեղակալների):

Դոսյե
Սոցիալական փաթեթ

2012-ից Հայաստանում ներդրվել է հանրային հատվածի աշխատակիցների համար սոցիալական փաթեթ, որով յուրաքանչյուր պետծառայողի համար տարեկան պետբյուջեից հատկացվում է 132 հազ. դրամ: Դա հնարավորություն է ընձեռում հանրային հատվածի շուրջ 120 հազ. աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակներին) հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից.

- բժշկական ապահովագրություն (աշխատակիցների համար՝ պարտադիր);
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում;
- կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար;
- հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում:

Առնվազն 52 հազ. դրամով ապահովագրական պոլիսը ձեռք բերելուց հետո քաղաքացին ինքն է որոշում, թե ինչպես տնօրինել մնացած 80 հազ. դրամը՝ ապահովագրել ընտանիքի մնացած անդամների առողջությունը, թե օգտվել փաթեթի մյուս ծառայություններից:

Նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական փաթեթի ներդրմանը 2012-ին պետբյուջեից ուղղված 18 մլրդ դրամից օգտագործվել է շուրջ 15 մլրդ-ը, իսկ այս տարի այդ նպատակին կտրամադրվի 21,5 մլրդ: «Սոցփաթեթի ներդրման 2012թ. արդյունքները մենք կկարողանանք ներկայացնել միայն 2-3 ամսից՝ հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության պայմանագրերը կնքվել են անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին եւ ունեն մեկ տարվա գործողության ժամկետ»,- պարզաբանել է նախարարը:

Ավելի մեծ ծածկույթ

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է նաեւ բազային փաթեթում ներառված հատուցվող դեպքերի շրջանակի ընդլայնման մասին: «Փոխհատուցվելու են այդ թվում սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերը՝ դեղապատ ստենտը, սրտի ռիթմը կարգավորող սարքերը, փականների պրոթեզները, իսկ ուռուցքաբանության ժամանակ՝ կիրառվող վիրահատական բուժումը, սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը եւ այլն»,- ասել է նախարարը, հավելելով, որ այս պահի դրությամբ սոցփաթեթի միջոցներով անցկացվել է սրտի շուրջ 260 վիրահատություն:

Սոցփաթեթը՝ այսուհետ բանկերով

Փոփոխություններ են կատարվել նաեւ սոցփաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի փաթեթը հատկացվելու է առեւտրային բանկերի միջոցով՝ աշխատողի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հաշվեհամարին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:

«Նախկինում, եթե քաղծառայողը սոցփաթեթով հատկացված գումարն ամբողջությամբ չծախսեր, այն վերադառնում էր պետբյուջե, իսկ հիմա այն մնալու է նրա հաշվին: Թոշակի դուրս գալուց հետո քաղաքացին կարող է այդ ողջ գումարը կանխիկացնել, բայց աշխատելու ընթացքում այդ գումարը կարող է օգտագործվել միայն 4 ուղղությամբ»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նա ասել է, որ համապատասխան պայմանագրեր արդեն կնքվել են երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցեր ունեցող 11 բանկի հետ, որոնք սոցփաթեթի համար բացված հաշիվները սպասարկելու են անվճար, իսկ գումարն ամբողջությամբ չծախսելու դեպքում կհաշվեգրեն տոկոսներ:

Նախարարն ասել է, որ քանի որ պետբյուջեն հնարավորություն չի տալիս 21,5 մլրդ-ը միանվագ փոխանցել քաղաքացիների հաշիվներին, յուրաքանչյուր աշխատակցին սոցփաթեթով նախատեսված գումարը կփոխանցվի ամսական կտրվածքով (11 000-ական դրամ), որը տարեկան կտրվածքով կրկին կազմում է 132 հազ. դրամ:

«Բանկերի միջոցով սոցփաթեթի սպասարկումը տոկոսադրույքների ստացումից բացի ենթադրում է նաեւ լրացուցիչ ծառայություններ ստանալու հնարավորություն, օրինակ, վարկավորում փաթեթի այն ծառայություններից օգտվելու համար, որոնց համար անհրաժեշտ գումարը դեռ չի կուտակվել»,- ասել է նախարարը, շեշտելով, որ առողջության ապահովագրության եւ հիփոթեքային վարկերի դեպքում վարկավորման հարց չի առաջանում, քանի որ ապահովագրական ընկերություններն ընդունում են պոլիսների համար վճարները ամսական փոխանցումներով:

Նախարարը կոչ է արել քաղաքացիներին հնարավորինս շուտ բացել իրենց հաշիվները համապատասխան բանկերում, որպեսզի ֆիննախը կարողանա սկսել վճարումները:

Սոցփաթեթի մանրամասները ներկայացված են այստեղ:

Դիտում՝ 5717
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai