Ամերիաբանկն ավելացրել է շահույթը ավելի քան 50%-ով

30.01.2013 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր շահույթը 2012-ին նվազել է մոտ 1%-ով, Ամերիաբանկի տարեկան շահույթը (6.7 մլրդ դրամ) գերազանցել է 2011թ. ցուցանիշը ավելի քան 50%-ով, այսօր ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:

Ներկայացնելով 2012թ. բանկի գործունեության արդյունքները, Գեւորգ Թառումյանն ասել է, որ բանկի ակտիվները 2012-ին աճել են 22%-ով (245 մլրդ դրամ), իսկ պարտավորությունները՝ 25%-ով (208,14 մլրդ դրամ), պարտավորությունների կազմում հաճախորդներից ներգրաված միջոցներն աճել են 39%-ով, իսկ բանկի ցպահանջ պարտավորություններն աճել են 48%-ով: Ժամկետային ավանդները բանկում 2012թ. աճել են 35%-ով:

«Բանկի հաճախորդների թիվը 2012-ին աճել է 28%-ով, ընդ որում՝ 14%-ով աճել են իրավաբանական անձ-հաճախորդները եւ 29%-ով՝ ֆիզիկական անձ-հաճախորդները եւ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, մեր ծառայություններից օգտվելը հեշտացնելու համար, բանկը կբացի նոր՝ «Սայաթ Նովա» մասնաճյուղը», - ասել է Գեւորգ Թառումյանը, հավելելով, որ այս տարի նախատեսվում է եւս մեկ մասնաճյուղի բացում Երեւանում եւ, հավանաբար, 2 նոր մասնաճյուղ մարզերում:           

Ըստ ֆինանսական տնօրենի, բանկի վարկային ներդրումները 2012-ին աճել են 7%-ով (146 մլրդ դրամ), իսկ ՓՄՁ-ների եւ ֆիզանձանց վարկավորումը աճել է համապատասխանաբար 12% (21 մլրդ) եւ 13%-ով (25 մլրդ): Հիփոթեքային վարկավորումը բանկում 2012-ին աճել է 25%-ով, եւ, ըստ Գեւորգ Թառումյանի, այստեղ մեծ տեսակարար կշիռ է կազմում երկրորդային շուկան, ընդ որում, բավականին արագ աճում է հիփոթեքային շուկան մարզերում:

Գեւորգ Թառումյանը տեղեկացրել է, որ դոլարային վարկերի տոկոսադրույքները բանկում կազմում են 11-12% տարեկան խոշոր բիզնեսի համար, իսկ փոքր ձեռնարկությունների համար՝ 13-14%; դրամային վարկերը հիմնականում ուղղվում են փոքր բիզնեսին եւ ֆիզանձանց, որոնց համար վարկավորման տոկոսադրույքները կազմում են շուրջ 15%:

Բանկի ակնկալիքներով 2012-ին համակարգում գրանցված շուրջ 20%-անոց աճը կպահպանվի նաեւ 2013-ին. «2013-ին ակնկալում ենք բանկային համակարգի, այդ թվում՝ վարկավորման 18-22%-անոց աճ», - եզրափակել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը:

Դիտում՝ 3705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai