«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը որդեգրել է արագ զարգացման քաղաքականություն

30.05.2012 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության «Էրեբունի» մասնաճյուղը:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի  գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը, «Էրեբունի» մասնաճյուղը դարձավ կազմակերպության թվով երկրորդ մասնաճյուղը` առաջինը գործարկվել էր մոտ մեկ ամիս առաջ Էջմիածին քաղաքում:

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնվել է 2011 թվականի հոկտեմբերին` «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ գրավատների ցանցի հիմնադիրների` Վահե եւ Վիգեն Բադալյանների կողմից: «Էրեբունի» մասնաճյուղը հիմնվել է նախկինում գործող գրավատան տարածքում, ինչը համահունչ է կազմակերպության հիմնադիրների նախանշած ծրագրին` եղած գրավատների ցանցը վերակազմավորելով որպես վարկային կազմակերպության  մասնաճյուղեր:

««Էրեբունի»  մասնաճյուղի ստեղծումը առաջին քայլն է այդ ուղղությամբ, այն բացվում է արդեն իսկ գործող գրավատան հիմքի վրա եւ պետք է գործի նույն տարածքում եւ նույն աշխատաոճով` էլ ավելի բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը և հարմարավետությունը, դրանով իսկ ապահովելով կայուն աճ: Մենք այս քայլին նախապատրաստվում էինք բավականին մանրակրկիտ, շատ կարեւոր է, որ մեր հաճախորդի համար գործընթացն ընթանա հնարավորինս աննկատ: Վարկային կազմակերպությունը կսպասարկի գրավատան կողմից կնքված վարկային պայմանագրերը մինչեւ դրանց ամբողջական մարումը, իսկ նոր պայմանագրերն արդեն կկնքվեն վարկային կազմակերպության անունից»,- նշել է Վարդան Հովսեփյանը:

Նորաբաց մասնաճյուղն առայժմ տրամադրելու է միայն ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր, սակայն հետագայում վարկատեսակների ցանկը կընդլայնվի:

Անդրադառնալով հետագա ծրագրերին, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի ղեկավարը նշել է, որ վարկային կազմակերպությունը որդեգրել է արագ զարգացման քաղաքականություն եւ մոտ ապագայում նախատեսում է ակտիվորեն ընդլայնել մասնաճյուղային ցանցն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Մասնավորապես, մոտ ապագայում կբացվի եւս մեկ նոր մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, ինչպես նաեւ կշարունակվի եւ իր բնականոն ավարտին կհասցվի գրավատների` որպես վարկային կազմակերպության մասնաճյուղեր գրանցելու գործընթացը:

Դիտում՝ 5303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai