“Առեւտրատնտեսական հարաբերություններում մենք կարող ենք անել ավելին”, - ասել է ԱՄՆ դեսպանը

15.02.2012 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող “Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության” (ՁԶՇՄ) հնգամյա ծրագիրը` ուղղված Հայաստանի տնտեսական մրցակցության բարձրացմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման ասել է, որ այս ծրագիրն առաջինն է տարածաշրջանում: Նրա խոսքով,  ծրագրի մշակումը բավական դժվար էր, քանի որ այն չուներ իր նախադեպը Հարավային Կովկասում:

“Ծրագրի իրականացումը կհաջողվի, եթե մենք հավատանք ու համագործակցենք մասնավոր սեկտորի հետ: Հիմա Հայաստանն այնպիսի փուլում է, որ պետք է ավելի մեծ քայլերով առաջ ընթանա տնտեսության զարգացման համար”, - ասել է Ջաթինդեր Չիման:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն իր հերթին նշել է, որ իր Հայաստան ժամանելուց առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է 3 առաջնահերթություն հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից:

“Առաջինը `տնտեսության զարգացումը, երկրորդը` ընտրությունների անցկացումը եւ երրորդը`  խորը համապարփակ հարաբերությունները: Մենք վստահ ենք, որ առեւտրատնտեսական ոլորտում մենք կարող ենք անել ավելին”,- ասել է դեսպանը:

Ամերիկացի դիվանագետը հատկապես կարեւորել է Հայաստանում բիզնես-միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների խթանման եւ տնտեսական մրցակցության ապահովման անհրաժեշտությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի մեկնարկը` նշելով, որ ծրագրի նպատակները համընկնում է ՀՀ կառավարության գերակայությունների հետ, այն է` ձեռնարկությունների զարգացում եւ շուկայական մրցակցության ապահովում:

“Հուսով ենք, որ այս ծրագրով մենք կտեսնենք ռեալ արդյուքներ: Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է տարբերվի ՀՀ տնտեսական աջակցման այլ ծրագրերից, քանի որ մենք այսօր ունենք այլ գիտելիքներ, այլ փորձ եւ զարգացվածության այլ աստիճան”,- նկատել է նախարարը:

ՁԶՇՄ ծրագիրը կաջակցի Հայաստանում զբաղվածության եւ եկամուտների կայուն աճին: Ծրագրի աշխատանքները ուղղված կլինեն արտադրական կարողությունների հզորացմանը եւ արտահանման ծավալների ընդլայնմանը:

Դիտում՝ 4575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai