Քաղաքացիների հաշիվներից գումար հափշտակած հանցավոր խումբ է բացահայտվել

18.04.2018 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԱԾ #հանցավոր խումբ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

ԱԱԾ-ում նշել են, որ 2017-2018 թթ. հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով odnoklassniki.ru սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի 26 բնակիչների, այնուհետեւ  արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր եւ սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ՝ համոզմունք ձեւավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։

«Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին՝ շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին, ապա՝ կանխիկացրել եւ հափշտակել»,- ասված է հաղորդագրությունում:


Քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու եւ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ 011-56-27-24 եւ 010-57-94-07 հեռախոսահամարներով:

ԱԱԾ-ում հիշեցրել են, որ 2017-2018 թվականներին բացահայտվել են անդրազգային հանցավոր խմբերի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկերի համակարգչային ցանցեր ապօրինի ներթափանցելու, պահվող տեղեկատվությանը տիրանալու եւ դրա միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր:

Այսպես, Հայաստանում գործող բանկից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ ՌԴ մի խումբ քաղաքացիներ միջնորդավորված եղանակով ՀՀ քաղաքացիներին չնչին գումարներով շահագրգռել են բացել արտարժույթային հաշվեհամարներ եւ ստացած բանկային քարտերը փոխանցել իրենց: Այնուհետեւ հանցավոր խմբի անդամները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով հեռակա հասանելիություն են ստացել բանկի համակարգչային ցանցին, ավելացրել այդ քարտերի զրոյական հաշվեկշիռներն ու կանխիկացման սահմանաչափը, որից հետո Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ Ռիգա քաղաքներում գործող բանկոմատներից ՀՀ քաղաքացիների անվամբ բացված պլաստիկ քարտերով կանխիկացրել են շուրջ 160 հազ. դոլարին համարժեք գումար։

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել:

Մեկ այլ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իսպանիայի, Լիտվայի եւ Վրաստանի թվով 4 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը, Հայաստանում գործող մեկ այլ բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի տիրացել է ԱՄՆ-ում գործող բանկերի համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանը՝ քարտապանների մուտքանուններին եւ գաղտնաբառերին:

Այնուհետեւ, առանց այդ քարտապանների իմացության, վերջիններիս հաշվեհամարներից առցանց եղանակով ավելի քան 32 մլն դրամին համարժեք գումար են փոխանցել Հայաստանում իրենց անվամբ բացված դրամային եւ արտարժույթային հաշվեհամարներին, եւ փորձել են բանկոմատներից կանխիկացնել գումարները, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ ՀՀ-ում գործող բանկի աշխատակիցների կողմից գործարքները կասկածելի են գնահատվել, եւ հաշիվները սառեցվել են, իսկ բանկային քարտերը՝ արգելափակվել:

Խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Դիտում՝ 2790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai