Ներկայացվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերը

02.03.2018 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը «Արար» հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է գյուղատնտեսության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է, որ ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները եւ նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:

Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից եւ Սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ եւ արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված եւ առաջադեմ մասնագետների:

Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է նաեւ, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ եւ միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետության-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր կառույցներ գործարքների նախագծման, իրականացման եւ մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:

Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին:
Դիտում՝ 1717
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai