Արթիկում աճեցվող բիոլոգիական ելակը կարտահանվի

12.02.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Green food #ելակ #Շիրակ
Green food («Գրին ֆուդ») ընկերությունը Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա՝ ֆրանսիական կոնստրուկցիաներով կառուցված ջերմոցում, աճեցնում է անգլիական «Ալպիոն» սորտի ելակ:

«Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ անգլիական սորտը ներկրված է Հոլանդիայից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլեւ Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից:

Այսպիսով ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ: Տեղական միայն ջուրը, արեւն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով բերքի արդյունավետությունն է նաեւ մեծ՝ մոտ 5 անգամ»,- հաղորդում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:


Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 10-ին այցելել է ջերմոց, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ նշել, որ սա մարզում ավանդականից ավելի դեպի ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է:

«Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում ՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված, ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին այս համարձակ ու հիանալի ձեռնարկի համար։ Այս օրինակը շատ ոգեւորիչ է, սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, թե Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլի մարզ է, այսուհետ մարզը նաեւ օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը ոչ միայն գոյության աղբյուր է համարվում, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց: Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլեւ անցնենք բարձրարժեք գյուղատնտեսության»,- ասել է մարզպետը:


Green food-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը տեղեկացրել է, որ սա ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա գործունեությունն ընդլայնելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը եւ վաճառքի քանակը:

«Բերք սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառվելու է բերքի մոտ մեկ երրորդը, հիմնականում արտահանումը կլինի արտերկիր՝ մեծ քանակությամբ ՌԴ»,- նշել է պատասխանատուն:

Ջերմոցն այժմ ունի 11 աշխատակից, առաջիկայում աշխատողների թիվը կավելանա:
Դիտում՝ 16854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo