Արմեն Սարգսյան. ՀՀ բանկային համակարգը տարածաշրջանում լավագույնն է

31.01.2018 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #«Լիդիան»
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հունվարի 30-ին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է «Լիդիան» ընկերության բաժնետեր լինելու մասին տեղեկությունը:

«Ես եւ իմ ընտանիքի որեւէ անդամ կամ ընտանիքիս հետ կապված որեւէ ընկերություն «Լիդիան»-ի բաժնետեր չենք եղել, չենք եւ չենք էլ լինելու:

«Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ 5 տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայի բորսայում գրանցված, այսինքն՝ բաց ընկերություն է: Կանադան աշխարհի լավագույն պետություններից մեկն է, որտեղ լեռնարդյունաբերությունը մեծ համբավ ունի եւ շատ լավ կազմակերպված է, հետեւաբար՝ բաց ընկերության բոլոր բաժնետերերն էլ հստակ են:

«Լիդիան»-ի հետ իմ հարաբերությունները եղել են շատ պարզ: Լինի դա Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում կամ որեւէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրություն ունի Հայաստանում ներդրում կատարելու, ես միշտ պատրաստ եմ հանդիպելու, խորհուրդ տալու, աջակցելու եւ այլն»,- ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ 1990-ականների սկզբին իր ջանքերով են Հայաստանում սկսել գործունեություն ծավալել «Կոկա-Կոլա» ընկերությունը («Հելլենիկ Բոթլինգ»), ինչպես նաեւ HSBC բանկը:

«Դա երկու տարվա ծանր աշխատանքի արդյունք էր՝ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հետ 18 օրենք փոխեցինք, եւ հսկա HSBC-ն այս տարածքում առաջին բանկը բացեց Հայաստանում, այնուհետ՝ մյուս հանրապետություններում: Այժմ այն դուրս է եկել Ղազախստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից, սակայն Հայաստանում շարունակում է աշխատել: Ես հպարտ եմ, որովհետեւ HSBC-ն դարձավ այն մեխանիզմը, որը հնարավորություն տվեց փոխել բանկային օրենքները, եւ այսօր Հայաստանում մենք ունենք տարածաշրջանի, կարծում եմ, լավագույն բանկային համակարգը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Շարունակելով «Լիդիան»-ում բաժնետեր լինելու վերաբերյալ հարցի պատասխանը՝ ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ ընկերությունում ինքը 3 ամսով եղել է անկախ խորհրդատվական մարմնի ներկայացուցիչ:

«Ըստ կորպորատիվ օրենքի՝ անկախ խորհրդատուն չի կարող բաժնետեր լինել: «Լիդիան»-ի բաժնետերեր են եղել նույն Համաշխարհային բանկը եւ այսօր՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում այն ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ առկա պետական ծառայողներ կան»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Դիտում՝ 4861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai