GIZ-ի ծրագրով €2,5 մլն է ուղղվել սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

23.01.2018 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#GIZ #Մաթիաս Քիսլեր
Այսօր ամփոփվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը:

«Իրականացված հնարավորություններ» խորագրով միջոցառման շրջանակում նշվել է, որ ծրագրի իրականացման 2,5 տարիների ընթացքում (2015թ. նոյեմբեր – 2018թ. մարտ) աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում բնակություն հաստատած շուրջ 3100 սիրիահայ գործարարների եւ աշխատանք փնտրողների։

Նրանք մասնակցել են հայաստանյան եւ միջազգային ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, ինչպես նաեւ մարքեթինգի, բիզնեսի զարգացման եւ ֆինանսական գրագիտության դասընթացների՝ զարգացնելով բիզնեսի վարման եւ այլ մասնագիտական հմտություններ:
 
Այն իրականացվել է «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ընդհանուր բյուջեն կազմել է €2,5 մլն։

Ծրագիրն իրականացողների խոսքով՝ դրա ամենակարեւոր նվաճումներից մեկը տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող, 24 անդամներից բաղկացած աշխատանքային խմբի ստեղծումն է, որի համանախագահն է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը:

Ծրագրի շրջանակում ստեղծվել է  www.syrarbi.am հարթակը, որը ֆինանսական, իրավական, բիզնեսի եւ կրթության հնարավորությունների տեղեկատվություն է տրամադրում թիրախային խմբին՝ օգնելով նրանց զարգացնել բիզնեսը կամ ստեղծել նորը, ինչպես նաեւ աշխատանք գտնել Հայաստանում:

«Սիրիայից Հայաստան եկած մարդիկ նոր գաղափարներ եւ ձեռնարկատիրական նոր մոտեցումներ բերեցին Հայաստան, ինչը շատ կարեւոր էր երկրի համար: Ուրախ ենք, որ Գերմանիայի կառավարությունը նպաստեց սիրիահայերի հաջողությունների պատմություններին»,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանն էլ նշել է, որ GIZ-ի կողմից իրականացված  ծրագիրը մեկնարկել եւ իրականացվել է ճիշտ ժամանակին՝ համալրելու ՄԱԿ-ի եւ այլ գործընկերների մարդասիրական ջանքերը եւ ուղղորդելու դրանք թիրախային խմբի տնտեսական ինտեգրմանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծել է, որ կշարունակեն աշխատել սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ։
Դիտում՝ 5481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai