Այս տարի դնելու ենք երկարատեւ կայուն աճի հիմքերը, ասել է վարչապետը

19.01.2018 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ֆինանսների նախարարություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ այս տարի կառավարությունը նախատեսում է հիմքեր ստեղծել երկարատեւ կայուն տնտեսական աճի համար:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է ֆինանսների նախարարություն կատարած իր այցի ժամանակ, որի նպատակն էր ծանոթանալ 2017-ի գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018-ի անելիքներին:

«2018-ը չափազանց կարեւոր է: Նախ, մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետեւից գնալը պետք է մաքսիմալ հետեւողական բերենք-հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ պետք է երկարատեւ կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային եւ այլ ծախսերի հիմքեր դնենք: Բացի այդ, պետք է անցնենք 2019-ի բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելուն, վարկային, դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում եւ ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում, ինչպես նաեւ մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»,- ընդգծել է վարչապետը:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է 2018-ի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը՝ այս համատեքստում անդրադառնալով պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին:

Վերջինները, ըստ վարչապետի, «մեծ են, քան պետք է լինեն, բայց այդ մեծությամբ հանդերձ, պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ»:

«Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր, որը մինչեւ չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, եւ դրա համար պետք է ունենանք ստրատեգիա: Տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք իրականացնում, որի արդյունքներն այս եռամսյակի վերջ կունենանք, եւ եթե այդ բանաձեւն աշխատի, պետք է նման ձեւով տարածենք մնացած նախարարությունների վրա»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային եւ դրամաշնորհային ծրագրերին՝ նշելով, որ պետք է առավելագույնս ստանալ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք Հայաստանը կարող է ստանալ, իսկ վարկային պարտավորությունները պետք է վերանայվեն եւ ավելի արդյունավետ կառավարվեն:

Ինչ վերաբերում է անցած տարում գրանցված արդյունքներին՝ վարչապետը շեշտել է, որ 2017-ին բյուջեն գերակատարվել է, ինչի մասին պարտադիր պետք է իրազեկել հանրությանը:

«Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջեւ, օրենքով հաստատված բյուջեն է, եւ մենք այն գերակատարել ենք. անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջեւ, որն ԱԺ-ում հաստատվել է»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 2999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai