Գլոբալ տնտեսական ռիսկերը՝ Դավոսի ֆորումին ընդառաջ

18.01.2018 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավոս #Համաշխարհային տնտեսական ֆորում #ռիսկեր
«Համաշխարհային տնտեսությունում ճգնաժամից տասնամյակ անց նկատվող լավատեսական պատկերն իրականում քողարկում է մեծաթիվ հիմնախնդիրներ»,- ասված է 2018թ. գլոբալ ռիսկերի վերաբերյալ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) զեկույցում:

Ինչպես հայտնում է RBC.ru կայքը, վկայակոչելով Դավոսի ֆորումի փորձագետներին, չնայած համաշխարհային տնտեսության արագացմանն ու ֆոնդային շուկաների ռեկորդային ցուցանիշներին, արտադրողականության աճը «շարունակում է մնալ անբացատրելիորեն թույլ», իսկ ներդրումները «արգելակվում են», որի պատճառով անկումից հետո վերականգնումը նախկինից դանդաղ է ընթանում:

Փորձագետների գնահատականով՝ տնտեսական ռիսկերը կարելի է երկու կատեգորիայի բաժանել: Առաջինը «ծանոթ» սպառնալիքներն են, մասնավորապես՝ ակտիվների գներն անկայուն են. արդեն 8 տարի խաղացողները «խաղադրույք» են կատարում ակտիվների աճի վրա, շուկաները ռեկորդներ են սահմանում, ինչը մտավախություն է ստեղծում, որ ճգնաժամի դասերը յուրացված չեն, եւ շուկաներին կարող է «խոր շտկում» սպասվել:

Աշխարհում շրջանառվում է բացասական եկամտաբերությամբ $9 տրլն-ի պարտատոմս, այսինքն՝ ներդրողները, ըստ էության, վճարում են թողարկողին բարձր ռիսկով ֆինանսական գործիքներ ունենալու իրավունքի համար: Մյուս ավանդական ռիսկերի շարքում է ոչ ֆինանսական հատվածում պարտավորությունների բարձր մակարդակը (2016-ին կազմել է $135 տրլն՝ 2007-ի $80 տրլն-ի դիմաց):

Միաժամանակ, փորձագետները ներկայացնում են տնտեսական ռիսկերի նոր տեսակ՝ կենտրոնական բանկերի սահմանափակ հնարավորությունները: Նախկինում կարգավորիչներն անկմանն արձագանքում էին տոկոսադրույքների նվազեցմամբ, իսկ ներկայում դրանք արդեն իսկ ցածր են, եւ կենտրոնական բանկերի այս հնարավորությունը զգալիորեն պակասել է:

Եվս մեկ «անսովոր» ռիսկ կապված է տեխնոլոգիաների զարգացման ոլորտի ուռճացված սպասելիքների հետ, որոնք, ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների, տնտեսական օգուտից բացի կարող են հանգեցնել սոցիալական եւ տնտեսական ցնցումների:

Հունվարի 23-26-ը շվեյցարական Դավոս հանգստավայրում կկայանա Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումը, որի աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 6494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai