ՏՄՊՊՀ. Բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում չարաշահումներ չկան

12.01.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #բենզին #դիզվառելիք
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նշել են, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գները մրցակցային են, եւ չարաշահումներ չկան:

Ստորեւ ներկայացնում ենք հանձնաժողովի տարածած պարզաբանումը.

«ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում, մասնավորապես՝ նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 հազ. դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ՝ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 հազ. դրամ ակցիզային հարկ, հետեւաբար՝ 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 հազ. դրամով:

Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 հազ. դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ եւ վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի եւ դիզելային վառելանյութի խտության գործակիցը:

Այսպես, դիզելային վառելանյութի եւ բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկն իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով, հետեւաբար՝ ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետեւաբար՝ 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):

Մյուս կողմից, անհրաժեշտ է հաշվի առնել այն խիստ կարեւոր փաստը, որ մինչեւ 2018թ. հունվարի 1-ը դիզելային վառելանյութի ներմուծումը եւ իրացումը ԱԱՀ-ով չի հարկվել, իսկ դրանից հետո, ՀՀ նոր հարկային օրենսգրքով սահմանված փոփոխություններով պայմանավորված, դիզելի ներմուծումը եւ իրացումը հարկվում է ԱԱՀ-ով: Եթե այս ապրանքատեսակի վաճառքի նախկին գինը կազմում էր 380-390 դրամ, որից 18 դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը, այսինքն՝ կազմում է մոտ 372 դրամ (390-18), ապա ձեւավորված նոր գնին նաեւ պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 դրամ (372+20%):

Հանձնաժողովի կողմից մշտապես կատարվող ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ բացի վերոնշյալ գործոններից, դիզելային վառելանյութի եւ բենզինի գնագոյացման վրա ազդում են նաեւ արտարժույթի փոխարժեքի տատանումները, ձեռքբերման գների եւ տեղափոխման գների փոփոխությունները»:

ՏՄՊՊՀ-ում վստահեցրել են, որ ոլորտում գործող տնտեսվարողների միջեւ հակամրցակցային համաձայնության դեպքեր չեն բացահայտվել: Իսկ այն պնդումը, թե բոլոր բենզալցակայաններում բենզինի եւ դիզելային վառելանյութի վաճառքի գները նույնն են, եւ հակամրցակցային համաձայնության տարրեր կան, հիմնավորված չեն եւ չեն համապատասխանում իրականությանը:

«Շուկայում ներկայում գործում են «Ֆլեշ», «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները, որոնց ներկրման երկրների աշխարհագրությունը հիմնականում նույնն է (ՌԴ, Բուլղարիա եւ Թուրքմենստան): Երեւանում գործող բենզալցակայանների մեծ մասը պատկանում է «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս» ընկերություններին՝ հետեւաբար նույն երկրից, նույն մատակարարներից եւ մոտավորապես համադրելի ծախսեր իրականացնող ընկերությունների բենզալցակայաններում հեղուկ վառելիքի սակագինը թանկանում է համադրելի ժամանակահատվածներում:

Մյուս կողմից, մայրաքաղաքում գործունեություն իրականացնող այլ բենզալցակայանները բենզինը եւ դիզելային վառելանյութը ձեռք են բերում հիմնականում վերոնշյալ երկու ընկերություններից եւ գործում են տվյալ ընկերությունների առեւտրային նշանի ներքո: Հարկ է նաեւ նշել, որ մայրաքաղաքում առկա են որոշ բենզալցակայաններ, որոնք բենզինը եւ դիզելային վառելիքը գերիշխող ընկերությունների կողմից իրացվող գնից ավելի բարձր կամ ավելի ցածր գնով են վաճառք իրականացնում:

Մարզերում պատկերն այլ է. որոշ մարզերում գները համապատասխանում են Երեւանի գներին, որոշ մարզերում էլ գինը բարձր է՝ հաշվի առնելով առաքման ծախսերը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo