Պետք է մեղմել գնաճի հետեւանքները, ասել է նախագահը

10.01.2018 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #գնաճ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների եւ անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները

«Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն եւ հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու»,- ասել է Սերժ Սարգսյանը առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքների մեղմման լուծումներին նվիրված խորհրդակցությանը:

Նախագահի խոսքով՝ եթե իսկապես որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածել դրանց հետեւանքները մեղմելու մասին:


«Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, եւ պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետեւանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաեւ գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,- ասել է նախագահը:

Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարեւոր ապրանքների ցանկ, ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, արդյունքները ներկայացնել հանրությանը:

Հանձնարարվել է նաեւ առաջարկել գնաճի հետեւանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարեւոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են:

Միաժամանակ, կառավարությունը մշտադիտարկում կիրականացնի սեղմված գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում եւ հայտնաբերված խնդիրները կփոխանցի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի ու ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների դեպքում ներկայացնել առաջարկություններ:
Դիտում՝ 2176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo