Ընկալելի տնտեսական միջավայրը ներդրողներին վստահություն կներշնչի, ասել է նախագահը

09.01.2018 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Վարդան Արամյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ տնտեսվարողներին հարկավոր է պատշաճ ներկայացնել միջին ժամկետում պետական պարտքի հետագիծն ու վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը:

Նախագահի համոզմամբ, սա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինելու իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի եւ կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:

Ինչպես հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու 2018թ. ոլորտում նախատեսվող աշխատանքները:

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները` տնտեսական աճի տեմպերի արագացման եւ սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:

Նախագահը նաեւ անհրաժեշտ է համարել հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման եւ տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։

Նրա համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված եւ բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:

Վարդան Արամյանը նախագահին զեկուցել է տնտեսական աճի ներուժի մեծացմանը եւ երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսության վերականգնմանը եւ միջնաժամկետ աճին:

Այդ քաղաքականության շրջանակում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը, եւ պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին:

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 մլրդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար:

Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:
Դիտում՝ 2012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai