Զարգացման հիմնադրամի ջանքերով $15,4 մլն օտարերկրյա ներդրում է ներգրավվել

05.12.2017 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #Արմեն Ավակ Ավակյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության արդյունքում այս տարի տնտեսությունում ներգրավվել է շուրջ $15,4 մլն օտարերկրյա ներդրում (անցած տարի ցուցանիշը մոտ է եղել 0-ի):

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամի ջանքերով կնքվել է շուրջ 5,4 մլրդ դրամի արտահանման պայմանագիր: Ցուցանիշն անցած տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել է այն դեպքում, երբ հիմնադրամի բյուջեն այս մասով մնացել է անփոփոխ:


«Այս արդյունքներին մենք հասել ենք՝ ծախսելով այն նույն գումարը, ինչն անցած տարի էինք ծախսել: Նախորդ տարի, եթե մեր ծախսած 1 դրամից արտահանման արդյունքում տնտեսություն էր մտել 10,7 դրամ, ապա այս տարի ցուցանիշը հասցրել ենք 23,8 դրամի: Մեծ են նաեւ մեր հետագա ակնկալիքները. որոշ գործարքների մասով ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, սակայն վերջնական պայմանագիրը դեռ կնքված չէ»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:

Նա տեղեկացրել է, որ հիմնադրամում ներկայում առկա է 29 ներդրումային առաջարկ՝ $1,6 մլրդ ընդհանուր արժողությամբ, որոնց նկատմամբ առկա է ներդրողների հետաքրքրությունը:

Ընթացքի մեջ է նաեւ RInnovate մրցութային ծրագիրը, որը նախատեսված է բիզնես տրամաբանություն ունեցող զբոսաշրջային նախագծերի համար: Ընդունվել է մասնակցության 60 հայտ, որոնցից երրորդ փուլ անցած 5-ը ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դատին: Առաջին երեք տեղերը զբաղեցրած նախագծերը կստանան համապատասխանաբար $15 հազ., $10 հազ., $5 հազ. մրցանակ: Բացի այդ, հիմնադրամը կօգնի նրանց բարելավել բիզնես ծրագրերն ու գտնել ներդրողներ:

Անդրադառնալով հիմնադրամի մարքեթինգային գործունեության արդյունքներին՝ Արմեն Ավակ Ավակյանն այս գործում ընդգծել է բիզնես ֆորումների եւ ցուցահանդեսների դերը, որոնք «անմիջականորեն կապված են արձանագրված ցուցանիշների հետ»:

Մասնավորապես, 2017-ին կազմակերպվել է 9 գործարար համաժողով եւ շուրջ 600 B2B հանդիպում՝ ստեղծելով հարթակ հայաստանյան եւ դրսի գործարարների համար. արդյունքում կնքվել է արտահանման 4 պայմանագիր՝ 316,8 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

«Մենք սկսել ենք ընդլայնել մեր ներկայացուցիչների ցանցն աշխարհում: Այսօր արդեն ունենք 33 ներկայացուցիչ տարբեր երկրներում: Ընդհանուր առմամբ, 120 գործարար մեզ հետ կապվել է եւ ասել, որ հետաքրքրված է այս կամ այն ծրագրով. նրանցից 80-ը եկել են ուղիղ ճանապարհով, հիմնականում՝ investmentprojects.am հարթակով, իսկ մնացած 40-ը՝ ներկայացուցիչների միջոցով»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է վերոնշյալ կայքին, ապա այն արդեն ունի 20 հազ. այցելու՝ օրական միջինը 150 -200 այցելու:

Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ բավական ակտիվ գործում է նաեւ հիմնադրամի հետներդրումային սպասարկումը: Այս պահին սպասարկվում է 375 տեղական արտահանող եւ 280 օտարերկրյա ներդրող: Հաջորդ տարվանից էլ նախատեսվում է բացել Թեժ գծի ծառայություն, որը պատրաստ կլինի շուրջօրյա «լսել» գործարարների խնդիրներն ու փորձել լուծել դրանք:

Գործարարները հիմնադրամին դիմում են հիմնականում երեք պատճառով՝ օրենքի չիմացություն կամ թերի իմացություն, խնդիրներ՝ կապված պետական վարչարարության համեմատաբար դանդաղ ընթացքի հետ, եւ հարկային ու մաքսային ոլորտի խնդիրներ:
Դիտում՝ 7218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai