«Հայաստանը բաց է գինու ոլորտում խոշոր ներդրումների ներգրավման համար»

23.11.2017 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #գինի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել»:

Այս մասին վարչապետն ասել է նոյեմբերի 23-24-ը Երեւանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը:

«Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների եւ գիտական ներուժի հետ` հույս ունենալով եւ ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն եւ սեր խաղողի վազի եւ գինու նկատմամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ:

«Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, եւ մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը եւ աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն եւ կայուն տեղն ունենալ»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում 2016թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14%-ով ավելի է, քան 2015թ.:

«Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն լիտր գինի, որը 37%-ով ավելի է, քան 2015թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է եւ նույնպես դրական է»,- նկատել է նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանում կան ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, առկա են արգենտինական, ամերիկյան, շվեյցարական եւ իտալական ներդրումներ, եւ ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները:

«Ուրախալի է նաեւ, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարեւոր փաստ է, որովհետեւ տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաեւ մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության եւ այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, եւ պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 2568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai