«Բիզ Պաշտպան» հարթակը կօգնի գործարարներին բարելավել ոլորտը

15.11.2017 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզ Պաշտպան #ՊԵԿ
Այսօր պաշտոնապես գործարկվել է «Բիզ Պաշտպան» (www.bizprotect.am) էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում վեր հանել Հայաստանում բիզնեսի խոչընդոտները, հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերն ու նպաստել այդ խնդիրների լուծմանը։

Հարթակը ստեղծվել է «Փաստերի հիման վրա բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Ծրագրի նախաձեռնողների խոսքով՝ նորարարական այս հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ տեղեկություններ հայտնել նաեւ անանուն: Համակարգը լիարժեք ապահովում է տեղեկություն տրամադրողի անձնական տվյալների գաղտնիությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ խթանել փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ այդ գործընթացում մասնավոր հատվածի մասնակցության ապահովումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի «Մասնավոր հատվածի զարգացման եւ առեւտրի» ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովն ասել է, որ Եվրոպական միությունը միշտ պատրաստ է աջակցել այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ներգրավվել հանրային եւ մասնավոր քննարկումներում՝ բիզնես ոլորտի բարելավման համար։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Մարիա Նահերն էլ նշել է, որ ծրագրի նպատակներից է բիզնես կազմակերպությունների միջեւ կապերի ամրապնդումը։

«Կարեւոր է, որ բիզնես ոլորտում աշխատողները, հատկապես ընդհանուր խնդիրների հարցում միասնական լինեն։ Այս հարթակը տարբեր սուբյեկտներին միավորելու լավ հնարավորություն է տալիս»,- ասել է նա։

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանն էլ նշել է, որ շատ կարեւոր է՝ պետական մարմիններն ազդակներ ստանան բիզնեսից։

«Մի քանի հայտեր արդեն իսկ ունենք, որոնք ուղարկվել են համապատասխան վարչական եւ իրավաբանական մարմիններին»,- ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ ապահովության նկատառումներից ելնելով՝ 60 օրվա ընթացքում համակարգն ավտոմատ ջնջելու է հայտ ներկայացնողի կողմից տրամադրված ինֆորմացիան։ Հետագայում կայքում տեղադրվելու է վիճակագրություն, թե որ ոլորտում քանի խախտման մասին է հայտ ներկայացվել։

Կարեն Զադոյանի խոսքով՝ հարթակում հնարավոր է ոչ միայն հայտեր ներկայացնել, այլեւ ծանոթանալ բիզնես ոլորտում տեղի ունեցող նորություններին եւ զարգացումներին։
Դիտում՝ 2403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai