Հայաստանյան 13 ընկերություն մասնակցում է Prօwine China 2017-ին

14.11.2017 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Prօwine China #Արմեն Ավակ Ավակյան #Զարուհի Մուրադյան
Գինի, կոնյակ եւ այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 հայաստանյան ընկերություն, Հայաստանի զարգացման ու Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամների աջակցությամբ, նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում առաջին անգամ մասնակցում է Prօwine China 2017 ցուցահանդեսին։

Ինչպես նշել են Հայաստանի զարգացման հիմնադրամում, ոլորտը կառավարության գերակայություններից է, ուստի արտահանման ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվել է պետական աջակցության շրջանակում։

Prօwine China միջազգային ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների եւ մասնագետների այցելություն։

Հիմնադրամների ներկայացուցիչները միջազգային գնորդ կազմակերպությունների եւ դիստրիբյուտորների հետ նախնական ճանաչողական աշխատանք են կատարել՝ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ձեւավորելու նպատակով։

«Ասիական շուկան հայկական ընկերությունների համար նոր, բայց արտահանման հեռանկարային ուղղություն է։ Մենք մեծ ծրագրեր ունենք. կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել գինեգործության ու կոնյակագործության համար, ոլորտի նկատմամբ ակնհայտ է նաեւ ներդրողների ու միջազգային գնորդների հետաքրքրությունը։ Որպես արդյունք՝ Հայաստանի տարբեր շրջաններում մեծանում են խաղողի այգետարածքները, հիմնվում են նոր գործարաններ, տուրիզմի այս ուղղությունը դեպի մեր երկիր է գրավում ավելի շատ զբոսաշրջիկների»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:


«Գինու բնօրրանում՝ Հայաստանում, այսօր գինեգործությունը վերածնունդ է ապրում, եւ այս ցուցահանդեսի մասնակցությամբ, որպես արքայական ըմպելիքին մարդկությանը ծանոթացրած երկիր՝ գինու միջազգային շուկան կրկին գրավելու հայտ ենք ներկայացնում: Հայկական գինին ու կոնյակը հագեցած են համահոտային յուրահատուկ փնջով եւ ունեն բոլոր նախադրյալները՝ միջազգային շուկայում արժանի մրցակցային տեղ գրավելու համար»,- նշել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամում հիշեցրել են, որ արտահանման եւ միջազգային շուկայում ճանաչելիության խթանման նպատակով երկու հիմնադրամների ղեկավարները սեպտեմբերի 5-ին ստորագրել էին համատեղ գործունեության պայմանագիր:
Դիտում՝ 6495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai