Եվրոպան էներգախնայման ոլորտի փորձը փոխանցում է Հայաստանին

08.11.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլյանա Չոբանովա #Աստղինե Փասոյան #ԵՄ
Այսօր Երեւանում անցկացվել է Հայաստանի բնակելի եւ հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով համաժողով:

Կազմակերպիչներն են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը` «ԵՄ-ն էներգետիկայի համար - Կառավարում» (EU4Energy - Governance) ծրագրի հետ համատեղ:

Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, միջազգային ֆինանսական հաստատությունների, պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀԿ-ների եւ գիտական համայնքի մասնագետների միջեւ:

«ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի ղեկավար Բիլյանա Չոբանովան նշել է, որ Հայաստանը բավական առաջընթաց է գրանցել էներգաարդյունավետության օրենսդրության զարգացման առումով:

«Սակայն պետք է այդ օրենսդրությունը պրակտիկ կիրառելուն միտված աշխատանքներ տանել: Շինարարական ընկերությունները, ճարտարապետները, դիզայներները, պետք է համոզված լինեն, որ շենքերի էներգաարդյունավետությանը միտված բոլոր քայլերն արդեն իրականացված են շենքերի նախագծման եւ կառուցման փուլում: Եթե դա տեղի ունենա, այլեւս չեն լինի քննարկումներ, թե ինչպես նորացնել արդեն կառուցված շենքերը եւ դրանք ավելի էներգաարդյունավետ դարձնել»,- ընդգծել է Բիլյանա Չոբանովան:

«ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի փորձագետ Աստղինե Փասոյանն էլ Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ոլորտը համարվում է էներգախնայողության պոտենցիալ ունեցող ամենախոշոր հատվածներից մեկը:

«Տարբեր գնահատականներով՝ մեկ շենքում կարելի է 30-50% էներգախնայողություն ստանալ: Խոսում ենք ոչ միայն տեխնիկական պոտենցիալի, այլեւ տնտեսական շահավետ ներդրումների մասին, որոնք հետ կվերադարձվեն խելամիտ ժամկետներում: Այդ տեխնիկատնտեսական ներուժը չի օգտագործվում, շենքները շարունակում են մնալ էներգատար, 1 քմ-ի ջեռուցման վրա ծախսել 2-3 անգամ ավելի շատ էներգիա, քան Եվրոպայի ժամանակակից շենքերի դեպքում է»,- նշել է Աստղինե Փասոյանը:

Նրա խոսքով՝ շուկայում կան բազմաթիվ վարկային միջոցներ՝ շուրջ €200 մլն-ի չափով, որոնք այսօր իսկ կարող են օգտագործվել բազմաբնակարանային եւ հանրային շենքերում, սակայն գործընթացը շատ դանդաղ է ընթանում:

«Թիվ մեկ խնդիրը բազմաբնակարանային շենքներն են, որոնք մեր աքիլլեսյան գարշապարն են: Հսկայական պոտենցիալ կա, բայց առկա են նաեւ բազմաթիվ խնդիրներ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա այնտեղ շատ դեպքերում չկան հասանելիության լուծումներ, գյուղեր կան, որ անգամ գազաֆիկացված չեն: Խնդիրը լուծելու համար պետք է ոչ թե գտնել հերթական սխալ լուծումը, այլ մատուցել ժամանակակից էներգետիկ ծառայություններ: Մյուս ոլորտը հանրային շենքերն են: Կրկին կա ահռելի ներուժ, սակայն առկա է վարկունակության խնդիր: Պետք է ստեղծել ավելի հարմարեցված ֆինանսական պրոդուկտներ»,- ասել է Աստղինե Փասոյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարիք ունի մասնագետների, որոնք տիրապետում են ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների:
Դիտում՝ 4916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo