ՀՀ եւ ՌԴ տրանսպորտի նախարարները՝ էլեկտրագնացքի առաջին ուղեւորներ

25.10.2017 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյան #Մաքսիմ Սոկոլով #էլեկտրագնացք
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նախօրեին այցելել են Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը:

Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան:


Ռուս մասնագետների հավաստմամբ՝ նորագույն սերնդի այս գնացքը մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը:

«Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է»,- նշել է տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը:

Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:

Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթեւեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այս ուղղությունն ընտրվել է՝ հաշվի առնելով ուղեւորների մեծ հոսքը եւ կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ եւ բարձր կարգի տոմսերի միջեւ:
Դիտում՝ 5693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai