«Մեր գործը ներդրող բերելը չէ, այլ ներդրումային բարեփոխումներին նպաստելը»

13.10.2017 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Խաչատուրյան #ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն այսօր ասել է, որ կենտրոնի գործը ներդրող ներգրավելը չէ, այլ տնտեսական բարեփոխումների օրակարգի ձեւավորմանն ու իրագործմանն աջակցելը՝ ստեղծելով բարենպաստ ներդրումային միջավայր:

Այս մասին Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով կենտրոնի կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները:

«Ներդրումներն արագ չեն լինում, հատկապես եթե դրանք մաքուր օտարերկրյա են, այսինքն, երբ ներդրողները Հայաստանի հետ առնչություն երբեւէ չեն ունեցել: Անձամբ՝ որպես վարչապետի խորհրդական, հանդիպել եմ 5-6 ներդրողի: Ներդրումային այդ ծրագրերը ներկայում ուսումնասիրության փուլում են, դրանցից որոշները մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն»,- նշել է նա:

Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով՝ կենտրոնն իր 9-ամսյա գործունեության ընթացքում փորձել է պետությունը մասնավոր հատվածին կապող յուրահատուկ հարթակ դառնալ:

«Հեղաշրջում չենք արել, պարզապես նոր մոդել ենք մշակել, որտեղ պետությունն ու մասնավորը համագործակցելով տնտեսական բարեփոխումների օրակարգ են մշակում եւ իրականացնում: Մեր առաքելությունը կոնկրետ ֆունկցիայով չենք սահմանափակում, այլ փորձում ենք տեսնել՝ որտեղ ինչ դերակատարություն կարող ենք ունենալ, եւ այդ ուղղությամբ լավագույնս ծառայություն մատուցել»,- ընդգծել է նա:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ իրենք մասնակցել են մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ զբոսաշրջային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, պետական կառավարման համակարգի, հարկային եւ մաքսային վարչարարության:

Պատասխանելով Banks.am-ի հարցին, թե հարկային ոլորտի բարեփոխումներում ինչ առանձնահատուկ գործառույթներ է ունեցել կենտրոնը, որը չէին կարող կատարել ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը, Ալեքսանդր Խաչատուրյանն ասել է, որ դրանք բոլորովին էլ առանձնահատուկ չեն եղել, այլ հիմնականում կատարել են ինտեգրատորի դեր:

«ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի դինամիկան բավական լավն է: Փորձել ենք պահպանել կապը մասնավորի հետ, հավաքել տարատեսակ տեղեկատվություն եւ դրանք փոխանցել ՊԵԿ-ին: Կատարել ենք ինտեգրատորի, երբեմն՝ նոր գաղափարներ առաջարկողի եւ երբեմն էլ գաղափարներ առաջ տանողի դեր: Կային անգամ գաղափարներ, որոնք պարզապես պետք էր վերցնել, փոշին թափ տալ եւ սկսել դրանց ուղղությամբ աշխատանքը»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով վարչապետի՝ «հուպ տալու» վերաբերյալ հանձնարարականին՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ կենտրոնը դեռ չի հասել իրենց ցանկացած մակարդակին, սակայն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ:

«Մեր աշխատանքը ինքներդ պետք է գնահատեք: Կարծում եմ՝ մենք դեռեւս այն թիմը չենք, որը կուզենայինք լինել, սակայն շատ արագ գնում ենք եւ հասնելու ենք դրան: Մեր թիմն աշխատում է շաբաթական մոտ 70 ժամ, մեր 22 աշխատակիցները 26 պրոդուկտ են առաջ տանում: Կարծում եմ՝ «հուպ տալ-չտալու» գնահատականը կախված է նրանից, թե ինչ ակնկալիքներ ունեիք»,- ընդգծել է նա:

Ալեքսանդր Խաչատուրյանը տեղեկացրել է, որ կենտրոնի ընդհանուր բյուջեին $500 հազ. տրամադրել է կառավարությունը՝ ընթացիկ գործունեության իրականացման համար, իսկ $3,1 մլն-ը ներգրավվել է դոնոր կազմակերպություններից՝ տեխնիկական աջակցության տեսքով: Բանակցություններ են ընթանում եւս $3,5 մլն-ի աջակցություն ներգրավելու համար:
Դիտում՝ 5872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai