ԵՄ-ն ու Հայաստանը խթանում են ապրանքաշրջանառությունը

15.09.2017 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Պյոտր Սվիտալսկի
Այսօր Երեւանում բացվել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդեսը, որի նպատակն է խթանել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ շատ կարեւոր է՝ եվրոպական երկրները Հայաստանը դիտարկեն որպես ազատ շուկա ունեցող եւ բարեկամ երկիր։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանից արտահանումը դեպի ԵՄ շուկաներ շարունակում է լավ ցուցանիշներ գրանցել, սակայն ներմուծման հարցում դեռ շատ չօգտագործված ներուժ կա։

«Մենք խրախուսում ենք, որ ԵՄ անդամ երկրները ավելի շատ ներդրումներ կատարեն Հայաստանում»,- ասել է դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին ուրախությամբ հայտնել է նաեւ, որ վերջին շրջանում եվրոպական մի շարք ընկերություններից դրական արձագանքներ է լսել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը։

«Կարծում ենք, որ դա ճիշտ ուղղություն է, բայց պետք է գտնել նոր հնարավորություններ։ Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԵՄ նոր ներդրումների ավելացման համար»,- ասել է դեսպանը։

Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսն էլ նշել է, որ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերը կարող են նոր թափ ստանալ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

«Այս միջոցառումը ճիշտ ժամանակին է կազմակերպվել, քանի որ մի քանի շաբաթ հետո ստորագրվելու է այդ համաձայնագիրը, որը մեծապես կնպաստի Հայաստանում բիզնես մթնոլորտի պարզեցմանը եւ բարելավմանը՝ Հայաստանը ավելի գրավիչ դարձնելով եվրոպական ներդրողների համար»,- ասել է նա։

Պետրոս Սուրմելիսն ընդգծել է, որ շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաեւ ստեղծել մի նոր մարմին, որը կզբաղվի Հայաստանում մրցակցային մթնոլորտի բարելավմամբ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն էլ ասել է, որ Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտահանումները դեպի Եվրոպա։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը՝ «Երեւան Էքսպո» կենտրոնում։
Դիտում՝ 7786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo