Հայաստանի գյուղոլորտում կներդրվի իտալական եւ հոլանդական փորձը

15.09.2017 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #գյուղնախարարություն
Իտալական եւ հոլանդական ընկերությունները պատրաստ են օժանդակել Հայաստանի գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է իտալական «Լուկինի», «Վալենտե», «Տերասպե», «Սալվի», «Ֆրութ Կոնտրոլ», «Ըդվայս Քնսալթինգ»,  հոլանդական «Հորդիլայֆ» եւ նրանց հայաստանյան գործընկեր «Էկոշին գրուպ» ընկերության ներկայացուցիչներին:

Ընկերությունները զբաղվում են ջերմոցային կոնստրուկցիաների, կարկտապաշտպան ցանցերի, նորագույն սառնարանների արտադրությամբ, տնկարանային տնտեսությունների հիմնմամբ եւ այգեգործական խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրարային ոլորտում պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

«Հայաստանը հայտնի է իր պտուղ-բանջարեղենով, մենք ունենք բարենպաստ եղանակային պայմաններ ջերմոցային տնտեսությունների  զարգացման համար, մեծ շուկա` ի դեմս ԵԱՏՄ երկրների,  կան շատ հողատարածքներ, որտեղ կարելի է ներդնել այդ տեխնոլոգիաները եւ ինտենսիվ գյուղատնտեսություն վարել: Մշակված պետական աջակցության ծրագրերը լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համար, ուստի առաջարկում ենք այստեղ գործունեություն ծավալել, ինչը երկուստեք շահավետ կլինի»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Ընկերությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտել փոխանցելու իրենց երկարամյա փորձը, մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն տրամադրելու ֆերմերներին եւ համագործակցելու պետական աջակցության ծրագրերի շրջանակում՝ իրենց հայաստանյան գործընկերոջ միջոցով:

«Լուկինի» ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն Հայաստանում փորձնական ծրագիր են իրականացնում, Հրազդանում հիմնել են եվրոպական արտադրության ցուցադրական ջերմատուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ուսուցման կենտրոնների ստեղծման, տնկարանային տնտեսության հիմնման եւ այլ հարցեր:
Դիտում՝ 2698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo