Երեւանում քննարկվել են դեպի ԱՄՆ արտահանման հնարավորությունները

13.09.2017 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Միլս #Գարեգին Մելքոնյան #Արա Հովսեփյան
Երեւանում այսօր անցկացվել է գործարար համաժողով, որի նպատակն էր քննարկել դեպի ԱՄՆ արտահանման հնարավորություններն ու Հայաստանի բիզնես համայնքին ներկայացնել Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող GSP արտոնյալ մաքսային ռեժիմի առավելությունները:

Համաժողովը կազմակերպվել էր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով` ԱՄՆ առեւտրային քաղաքականության եւ տնտեսագիտության հարցերով Առեւտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի՝ Հայաստան այցի շրջանակում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր գերակա խնդիրն է եղել երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի ամրապնդումը:

«Մեծ ուրախությամբ այս շաբաթ Հայաստանում ընդունում եմ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այստեղ են ներկայացնելու արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: Այս պահին ՀՀ-ից դեպի ԱՄՆ արտահանումների 60%-ն իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո: Հավատացած եմ, որ հայաստանյան գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը բացառող նոր համաձայնագրի կնքման հնարավորությանը, Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանի կառավարությունը բարձրացրել է այդ հարցը եւ իրենք քանիցս նշել են, որ նման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առեւտուրը խթանելու համար նման համաձայնագիր կնքել:

«Այս պահին գործող 1970-ականների համաձայնագիրը լիովին բավարարում է մեր առեւտրային հարաբերություններին, եւ մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնի ՀՀ կառավարությունը, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ նշել է, որ GSP համակարգը հնարավորություն է տալիս մոտ 3000 անուն ապրանք արտահանել ԱՄՆ՝ առանց մաքսատուրք վճարելու: Նրա խոսքով՝ Հայաստանն այս համակարգից լավագույն օգտվողների ցանկում է:

«GSP համակարգը, որպես այդպիսին, շատ կարեւոր է մեր գործարարների համար, դա նպաստում է մեր գործարարների ֆինանսական ռեսուրսների տնտեսմանը, ինչպես նաեւ հնարավորություն տալիս մեր տեղական ապրանքն ԱՄՆ շուկաներում իրացնել համեմատաբար մատչելի գնով: Այս առումով շատ կարեւորում ենք ռեժիմի շարունակականությունն ու նման միջոցառումների անցկացումը»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:

Հայ-ամերիկյան առեւտրային պալատի նախագահ Արա Հովսեփյանը եւս կարեւորել է ԱՄՆ-ի հետ առեւտրային հարաբերությունների խորացումն ու GSP համակարգի արդյունավետ կիրառումը:

«Առեւտրի ամերիկյան պալատը տարիներ շարունակ սատարել է, որպեսզի հայաստանյան բիզնեսը կարողանա ապրանք արտահանել ԱՄՆ՝ օգտվելով GSP արտոնությունների ռեժիմից: Այսօրվա միջոցառման նպատակն է ավելի խթանել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը՝ երկու երկրների միջեւ համագործակցությունը հասցնելով ավելի լուրջ մակարդակի»,- ընդգծել է Արա Հովսեփյանը:
Դիտում՝ 1835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai