«Դրական շարժ կա, սակայն զարգացման մասին դեռ վաղ է խոսել»

12.09.2017 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր «Կառավարության մեկ տարվա գործունեության արդյունքները» թեմայով ասուլիս է տվել: Banks.am-ն առանձնացրել է տնտեսագետի առավել ուշագրավ դիտարկումները:

*****

Մեր տնտեսական միջավայրը զուրկ է զարգացման հնարավորությունից: Դրան նպաստել են աշխարհագրական դիրքը, արտաքին միջավայրը, ինչպես նաեւ ներքին գործոնները: Ընդ որում, հենց նույն ներքին գործոնների (կոռուպցիա, մենաշնորհ) հաշվին էլ նախորդ տարիներին ապահովել ենք տնտեսության զարգացում, որը չէր կարող երկարաժամկետ արդյունք ապահովել: Հետեւաբար՝ մնացինք «կոտրած տաշտակի» առաջ:

Ճիշտ է՝ կան որոշակի դրական տեղաշարժեր. տնտեսական ակտիվությունը կրկնակի աճել է, արդյունաբերության ոլորտում առաջանցիկ աճ կա, բարձր են եղել արտահանման աճի տեմպերը: Սակայն անգամ նորագույն պատմության համար սրանք լավագույն ցուցանիշները չեն, որ որեւէ կառավարություն արձանագրել է: Օրինակ՝ 2011-ի ցուցանիշները շատ ավելի բարձր են եղել:

*****

Հայաստանը բնավ էլ ներդրումային միջավայր չէ, տնտեսությունը փողի կարիք չունի, փակ երկիր է: Իշխող դիրք ունեցող անձիք վեր են մրցակցությունից եւ ամեն ինչ կանեն, որ իրենց դաշտը չխաթարվի: Եթե որեւէ ոլորտում կան ներդրումներ, դա պետք է արտացոլվի նաեւ շինարարության ոլորտում, իսկ մեզ մոտ շինարարության անկումը շարունակվում է:

*****

Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ մեր տնտեսական վիճակը փոքր ինչ լավացել է: Մինչդեռ սոցիալական խնդիրներ լուծելու համար շատ ավելի լուրջ նվաճումներ են անհրաժեշտ:

Տնտեսական ակտիվության արագացմանը նպաստել են ոչ թե իշխանության ջանքերը, այլ տրանսֆերտների աճը. 7 ամիսների ընթացքում գրանցել ենք 17% տրանսֆերտների աճ: Սա էլ հենց պայմանավորել է առեւտրի ծավալների աճը՝ հիմնված ներմուծման վրա:

Դրական շարժ կա, սակայն վաղ է խոսել զարգացման մասին: Նորանշանակ կառավարությանը դեռ չի հաջողվել հանել Հայաստանն այս ճահճից: Իշխանությունների լավ աշխատելը պետք է հասարակությունը գնահատի: Մեր քաղաքացին երջանիկ չէ եւ մի քիչ ավելի վատ է ապրում, քան նախկինում:

*****

6 ամիսների արդյունքում՝ Հայաստանից մեկնածների եւ ժամանածների միջեւ տարբերությունը կազմել է 75,5 հազ. մարդ: Անցած տարվա ընդհանուր արդյունքներով՝ այն կազմել է 92 հազ. մարդ: 2008-2016 թթ. Հայաստանը լքել է 390 հազ. մարդ: Սա փախուստի նման երեւույթ է եւ դրա կանխման դեպքում միայն կարելի է խոսել հաջողության մասին:

*****

Մեր արտաքին պարտքի զգալի մասը ձեւավորվել է վերջին 8-9 տարիներին: Մինչդեռ մենք չենք կարողացել որեւէ լումայով ավելացնել մեր ՀՆԱ-ն: Իսկ դա պետք է ՀՆԱ-ի ոչ միայն համարժեք, այլեւ մուլտիպլիկատորի ազդեցությամբ առաջանցիկ աճ ապահովեր:

*****

Տնտեսության զարգացման գրավականն իշխանությունների մտածելակերպի փոփոխությունն է: Բիզնեսի եւ իշխանության սերտաճումը չարիք է: Լուծումը հետեւյալն է՝ քաղաքական դաշտից դուրս բերել այն անձանց, որոնք բիզնեսով են զբաղվում: Դա արդեն արդյունք կապահովի:

Ըստ իս՝ զարգացման բանալին ոչ թե հարկաբյուջետային կամ դրամավարկային քաղաքականության մեջ է, այլ համակարգային փոփոխություններում: Կոռուպցիայի հաղթահարումը շատ ավելի լուրջ հարց է, եւ այստեղ ավելի մեծ ռեսուրս կա, քան թվարկածս մյուս բնագավառներում: Լուծումը, նախեւառաջ, քաղաքական է:
Դիտում՝ 2423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai