Սեպտեմբերը՝ օրգանական ամիս

11.09.2017 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #ՕԳԱՆ #Պյոտր Սվիտալսկի
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների եւ շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես,  հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաեւ սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը՝ օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական  տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլեւ դրական  ազդեցություն է ունենում  մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:


Նախարարի խոսքով՝ հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան եւ լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:

Իգնատի Առաքելյանը հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը, եւ հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ ԵՄ-ն կարեւորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս:

«Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաեւ առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ»,- նշել է դեսպանը:

Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանն էլ ասել է, որ Ավստրիայում կուտակված փորձը նպատակ ունի զարգացնել Հայաստանում օրգանական հատվածը, որը, «չնայած վերջին տարիների օրգանական շարժման նախաձեռնողների ջանքերին, դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու»:

ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերի խոսքով՝ «Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում:

Նա տեղեկացրել է, որ հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք:
Դիտում՝ 1831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo