Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոն է բացվում

08.09.2017 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#FMD KL Europe #Զարգացման հիմնադրամ #Արմեն Ավակ Ավակյան
FMD KL Europe ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին հայտարարել է Հայաստանում բիոտեխնոլոգիական կենտրոն հիմնելու մասին։

Այս մասին նա տեղեկացրել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ հանդիպմանը, որն այցելել էր ընկերություն՝ քննարկելու վերջինիս զարգացման ծրագրերը:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ ներկայում FMD KL Europe-ը ներդրումներ է կատարում կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Այս տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման եւ տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար $1 մլն-ի ներդրում է արվել։

FMD KL Europe-ը FMD K&L համաշխարհային կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղն է, որը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական եւ առողջապահական ձեռնարկություններին։ Գործունեության մոտ 3 տարում ընկերությունը աշխատողների թիվը հասցրել է 150-ի, ներկայում միջազգային որակավորման եւս 20 մասնագետի կարիք ունի։ Զարգացման հիմնադրամի հետներդրումային սպասարկման թիմն աջակցել է FMD KL Europe-ին՝ գործունեության ընդլայման տարբեր փուլերում։


«Հայաստանում նոր ներդրումներով բիոտեխնոլոգիական կենտրոն ենք բացում, որը թույլ կտա մասնագետների թիվը հասցնել 250-ի եւ նպաստել ոլորտի զարգացմանը։ Մեր հաջորդ քայլով նախատեսում ենք Հայաստանում կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ 2018-ին նպատակ ունենք բացելու նաեւ մեր առաջին կլինիկան, որը կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, կրեմների փորձարկումների հետազոտություններ, իսկ հետո կանցնենք բարդ կլինիկական փորձարկումների»,- նշել է Կիրիտ Վելանին։

Ընկերության ղեկավարը ներկայացրել է բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը՝ նշելով, որ այն արդյունաբերական զարգացման փուլում է եւ կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։

«Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին»,- նշել է Կիրիտ Վելանին։

Հանդիպմանը քննարկվել են բիոտեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հնարավոր քայլերը: FMD KL Europe-ի ղեկավարը բարձրացրել է նաեւ Հայաստանում ինտերնետի բարձր գնի, անկայուն էլեկտրամատակարարման ու մաքսազերծման հարցեր։

«Տնտեսության մեջ Զարգացման հիմնադրամի հիմնական գործունեությունը արտասահմանյան կազմակերպությունների ու ներդրողների գործը հեշտացնելը, սահուն դարձնելն է։ Այն բոլոր հարաբերությունները, որ իրենք ունենում են պետական համակարգի հետ՝ լինի մաքսային, հարկային, կոմունիկացիաների անցկացման, մեր գործն է արագացնել պրոցեսը, որ կարողանան իրենց բիզնեսով շահույթ ստեղծել եւ, հուսանք, այդ շահույթը վերաներդնեն մեր երկրում»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը։
Դիտում՝ 12262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai