Կապիտալի անդրսահմանային հոսքերը 10 տարում կրճատվել են 3 անգամ

23.08.2017 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#McKinsey Global Institute
Կապիտալի գլոբալ անդրսահմանային հոսքերը՝ վարկավորումը, բաժնետոմսերի եւ պարտատոմսերի ձեռքբերումն ու օտարերկրյա ուղղակի ներդրումները, վերջին 10 տարում կրճատվել են գրեթե երեք անգամ՝ $12,4 տրլն-ից հասնելով $4,3 տրլն-ի:

Ինչպես գրում է Кommersant.ru-ն՝ հղում կատարելով McKinsey Global Institute-ի հրապարակած «Ֆինանսական գլոբալիզացիայի նոր դինամիկան» ուսումնասիրությանը, 2007-2016թթ. առավելապես թուլացել են անդրսահմանային վարկավորումն ու մյուս բանկային գործառնությունները:

«Փախուստն» արտասահմանյան շուկաներից գլխավորել են եվրոպական, առաջին հերթին՝ եվրոգոտու խոշոր բանկերը: Այս բանկերի միջազգային վարկավորման գործարքները 2007-ից ի վեր կրճատվել են 45%-ով ($7,3 տրլն-ով): Միջազգային վարկավորումը կրճատել են բրիտանական, շվեյցարական եւ այլ եվրոպական բանկեր, ինչպես նաեւ մի քանի ամերիկյան բանկ:

Ընդհանուր առմամբ, 10 տարում բանկերը «ձերբազատվել են» առնվազն $2 տրլն արժողությամբ ակտիվներից (հաճախ՝ կարգավորիչների պահանջով), դրանց կեսը բաժին է ընկել Եվրոպային:

Միաժամանակ, կանադական եւ ճապոնական բանկերը կրկնակի ավելացրել են ($2,3 տրլն-ից՝ $5,3 տրլն) արտասահմանյան վարկային ակտիվները, իսկ չորս չինական բանկեր այդ ցուցանիշն ավելացրել են ավելի քան 10 անգամ ($86 մլրդ-ից՝ $1 տրլն):

Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի (Գազպրոմբանկ, Սբերբանկ, ՎՏԲ) խոշոր բանկերը եւս ընդլայնել են հասանելիությունը դեպի արտասահմանյան շուկաներ, եւ չնայած նրանց մասնաբաժինը դեռեւս մնում է փոքր, McKinsey-ին առաջիկա տարիների համար կանխատեսում է շարունակական աճ:

Ինչպես նշված է զեկույցում, չնայած գլոբալ բանկերի ակտիվության կրճատմանը՝ ֆինանսական գլոբալիզացիան շարունակվում է: Արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես եւ 10 տարի առաջ, կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 180%-ը: Բացարձակ արտահայտմամբ՝ այս ներդրումների ծավալը $103 տրլն-ից հասել է $132 տրլն-ի: Աշխարհի բոլոր արժեթղթերի մեկ քառորդից ավելին պատկանում է արտասահմանյան ներդրողներին, այն դեպքում, երբ 2000թ. դրանց մասնաբաժինը կազմում էր 18%:

Չնայած արտասահմանյան ֆինանսավորման մեծ մասը շարունակում է բաժին հասնել զարգացած երկրներին (ԱՄՆ, Լյուքսեմբուրգ, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ եւ Գերմանիա), զարգացող երկրների բաժինը 10 տարում 8%-ից հասել է 14%-ի: Բրազիլիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության արտասահմանյան ակտիվների եւ պարտավորությունների պորտֆելները գերազանցում են համաշխարհային ՀՆԱ-ի 100%-ը:
Դիտում՝ 13597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai