Թանկարժեք մորթի շինշիլայից՝ հայաստանյան հեռանկարներ

11.08.2017 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շինշիլա #Նարեկ Վարդանյան
Շինշիլաների բուծումը, ասում են, ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը: Շինշիլաբուծության եւ դրա զարգացման հայաստանյան հեռանկարների շուրջ Banks.am-ը զրուցել է Շինշիլաբուծության հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանի հետ:

Շինշիլաբուծությունը՝ անասնաբուծության էլիտար ճյուղ

Շինշիլաները կրծողների տեսակ են, որոնք բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերուի, Բոլիվիայի եւ Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում: Երկար ժամանակ այս կրծողները ինտենսիվ որսի են ենթարկվել՝ իրենց թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են եւ ներառվել Կարմիր գրքում, եւ միայն ընտանի դարձնելը փրկել է նրանց վերացումից:

Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է Դանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է:

Տարածված կարծիք կա, որ շինիշլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը: Հաշվարկված է, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու:

Վիճակագրության համար նշենք, որ մեկ մուշտակի համար պահանջվում է շուրջ 100 շինշիլա, իսկ նման մուշտակի արժեքը կարող է հասնել մինչեւ €10 հազ-ի:

Լեհական մոդելը՝ Հայաստանում

Հայաստանում առանձին տնտեսություններ շինշիլաբուծությամբ սկսել են զբաղվել 1990-ականների վերջերից, այնուամենայնիվ, այն զանգվածային եւ մասնագիտական բնույթ չի կրել եւ չի վերածվել լուրջ բիզնեսի:

Այսօր Շինշիլաբույծների հայկական ասոցիացիան առաջարկում է ստեղծել փոքր ֆերմերային տնտեսություններ եւ զբաղվել շինշիլայի մորթու արտահանմամբ: Որպես օրինակ՝ վերցրել են լեհական մոդելը:

«Ի տարբերություն ռուսական մոդելի, որտեղ ձեւավորում են մեծ տնտեսություններ (3000-5000 գլուխ յուրաքանչյուրում), լեհական մոդելն առաջարկում է ստեղծել փոքր տնտեսություններ, որտեղ կարելի է ավելի որակով խնամք կազմակերպել եւ ավելի լավ արտադրանք ստանալ»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Նարեկ Վարդանյանը՝ հավելելով, որ այսօր արդեն ունեն ձեւավորված շուրջ 40 տնտեսություն:


Շինշիլաների առաջին գլխաքանակը ներկրվում է Ռուսաստանից: Առաջիկայում նախատեսվում է, որ դրանցից կստանան մայրական կազմ, եւ միայն երրորդ սերունդն արդեն կօգտագործվի մորթու համար: Մեկ զույգ շինշիլան որպես մայրական կազմ կարող է օգտագործվել 10 տարի, տարեկան արտադրողականությունը 3 անգամ է:

Նարեկ Վարդանյանի խոսքով՝ փորձերը ցույց են տվել, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները, հատկապես՝ Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի բարձրադիր շրջանները, շատ նպաստավոր են շինշիլաբուծության համար եւ հնարավորություն են տալիս ստանալ որակյալ մորթի:

Կեր

Ընդհանուր առմամբ, շինշիլաները «բուսակեր» են եւ սնվում են ճագարների պես, այնուամենայնիվ, որակյալ կենդանի ստանալու համար անհրաժեշտ է որակյալ կեր:

«Գրանուլացված կերերն արտադրում ենք մեր մասնագետի մշակած բաղադրությամբ՝ հաշվի առնելով դրսի փորձը, եւ հիմա բավականին բարձր արդյունք ունենք,- ասում է Նարեկ Վարդանյանը: -Այնուամենայնիվ, այս առումով աշխատելու տեղ դեռ կա, որովհետեւ նպատակ ունենք մի քանի տեսակի կերեր ստանալ՝ մայրական կազմի համար՝ առանձին, բուծվողների համար՝ առանձին, մորթատուների համար՝ առանձին:

Մի՞ս, թե՞ մորթի

Շինշիլայի միսը համարվում է սպիտակուցներով հարուստ դիետիկ միս եւ բարձր արժեք ունի: Մասնավորապես, պատրաստի շինշիլան արեւմտյան ռեստորաններում մատուցվում է $50-60-ով (300-400 գրամը):

Նարեկ Վարդանյանը կարծում է, որ նման գնային սանդղակում շինշիլայի միսը Հայաստանում վաճառք չի ունենա, հետեւաբար, որպես ուղղություն իրենք դա չեն քննարկում: Եթե անգամ սպառում ունենա, չափազանց էժան է լինելու, մինչդեռ այն կարելի է բավականին թանկ վաճառել դրսում:

Բացի այդ, սպանդից հետո կենդանին կարող է օգտագործվել կամ միայն մորթու համար, կամ՝ միայն մսի: Իրենք էլ ընտրել են առաջին տարբերակը:

Որակյալ մորթու պահանջարկ միշտ էլ կա

Նարեկ Վարդանյանը նշում է, որ առաջիկա իրենց ծրագրերում պատրաստվում են արտահանել կիսապատրաստի վերամշակման ենթարկված մորթին: Ներքին շուկայում սպառելու կամ տեղում վերամշակելու մասին դեռ չեն մտածում:

«Եթե հաջողենք այստեղ մուշտակ ստանալ, դա կլինի արդեն այս պրոյեկտի հաջողության գագաթնակետը»,- ասում է նա՝ հավելելով, որ առաջիկայի համար նման ծրագրեր եւ համագործակցության առաջարկներ չունեն:
 
Մյուս կողմից, նրա խոսքով՝ կիսապատրաստի տեսքով մորթին արտահանելն ավելի շահավետ է, քան կարող է լինել վերամշակված մորթին: Իսկ մորթին վերամշակելը բավականին բարդ գործընթաց է եւ մասնագիտական լուրջ հմտություններ է պահանջում, ինչի պակասը Հայաստանում կա:

Կիսապատրաստի մորթին արտահանելու հետ կապված արդեն պայմանավորվածություններ կան Ուկրաինայի հետ, որտեղ գնորդները պատրաստ են որոշակի քանակության դեպքում պատվերներ անել: Անհրաժեշտ քանակությունը, նախատեսվում է, որ կապահովվի շուրջ 2 տարուց՝ նախնական հաշվարկներով՝ տարեկան 500-1000 շինշիլայի մորթի: Ընդ որում, երիտասարդ գործարարը կարծում է, որ որակյալ մորթու պահանջարկ միշտ էլ կա, հետեւաբար, սպառումը չի կարող խնդիր լինել:


Շինշիլաների լեզուն «հասկանալ է» պետք

Թեեւ ընդունված կարծիք կա, որ շինշիլաներ պահելն ավելի հեշտ է, քան օրինակ, ճագարներ, այնուամենայնիվ, շինիշաբուծության մեջ էլ կան որոշակի նրբություններ, մասնավորապես՝ այս կենդանիները պահանջում են մեծ հետեւողականություն եւ պատասխանատվություն:

Նարեկ Վարդանյանը նշում է, որ շինշիլաբուծությունն այնքան հեշտ չէ, որքան հարմար է. շինշիլաները հոտ չունեն, խնամքն անհրաժեշտ է միայն գիշերային ժամերին, ինչը համատեղելի է աշխատանքի հետ: Մյուս կողմից՝ այս կենդանիները պահանջում են անհատական վերաբերմունք, եւ անգամ յուրաքանչյուր կենդանի իր բնավորությունն ունի: Այնուամենայնիվ, հաշվարկված է, որ 1 մարդը 8 ժամվա ընթացքում կարող է խնամել 250-300 կենդանի:

«Օրինակ, շինշիլաների խնամքի ժամը պետք է ընդհանրապես չփոխվի: Նրանք գիշերային կենդանիներ են, եւ ցերեկը պետք է ընդհանրապես չանհանգստացնել: Նրանց հետ չի կարելի նաեւ ալկոհոլ օգտագործած շփվել: Կենդանիների մոտ մտնելուց առաջ պետք է լվացվել մանկական օճառով, որպեսզի ոչ մի հոտ չգա»,- թվարկում է Նարեկ Վարդանյանը՝ նշելով, որ նման մանրուքներին սկսել են տիրապետել երկարատեւ փորձերից, ընդհուպ մինչեւ գլխաքանակի անկում ունենալուց հետո:

Հետեւաբար, արդեն փորձված Նարեկ Վարդանյանը խորհուրդ է տալիս շինշիլաբուծությունը որպես բիզնես դիտարկելուց առաջ նախ «հասկանալ այդ կենդանիների լեզուն»:

«Սկզբի համար ոչ մեկի խորհուրդ չեմ տա շինշիլագործությունը դիտարկել որպես բիզնես. հարկավոր է նախ հասկանալ կենդանուն, որովհետեւ խնամքը նուրբ է, եւ նյուանսերը շատ են: Իսկ ներդրում կատարել կարելի է միայն այն ժամանակ, երբ գոնե մեկ տարի փոքր քանակությամբ «սեւագիր» պահվի»,- ամփոփում է երիտասարդ գործարարը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 36462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai