Հայկական հնդկաձավարը ձեռնոց է նետում ներկրվածին

18.07.2017 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Նոր հատիկ» #հնդկաձավար
Եթե մինչ օրս հայ-վրացական սահմանին գտնվող Բավրա գյուղն ասոցացվում էր անցակետի հետ, ապա այսուհետ այն կարելի է հիշատակել որպես Հայաստանում հնդկաձավարի արտադրության կենտրոն: Օրերս սահմանամերձ այս բնակավայրում բացվեց հնդկացորենի վերամշակման գործարան, որի աշխատանքների կազմակերպման եւ ակնկալվող արդյունքների շուրջ Banks.am-ը զրուցել է գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանի հետ:

Կարեւորը՝  հավատացել եմ

Հնդկացորենի աճեցման փորձերով Կորյուն Սումբուլյանը սկսել է զբաղվել դեռ 15 տարի առաջ: Բիզնեսում էլ նորեկ չէ. մորթու վերամշակման ոչ արդյունավետ փորձերն էլ հենց հանգեցրել են նոր բիզնես, մասնավորապես՝ հնդկացորենի վերամշակում սկսելու գաղափարին: Առաջարկը համընկել է Եվրամիության ENPARD եւ ՄԱԿ-ի ծրագրերի հետ:

«Չէի ասի, որ հենց առաջինն եմ, ով հնդկացորենի մշակմամբ է զբաղվել, համենայն դեպս՝ առաջիններից եմ եղել: Բայց կարեւորը դա չէ, կարեւորը՝ հավատացել եմ գաղափարին, Banks.am-ի հետ զրույցում ասում է Կորյուն Սումբուլյանը եւ հավելում. -Ինչ նոր բան լինում է, ես սիրում եմ այդ նորը հավաքել իմ շուրջ, ոչ թե գնալ այնտեղ, որտեղ լավ է»:  

Հնդկաձավարի արտադրության համար ENPARD-ը եւ ՄԱԿ-ը երեք մարզերի (Շիրակ Լոռի եւ Արագածոտն) 28 կոոպերատիվների 430 անդամներին տրամադրել են հնդկացորենի սերմ եւ պարարտանյութ: Իսկ Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է €200 հազ.: Գործարանի շենքի կառուցումն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ՝ Դեւեճէան, Էկսերճէան եւ Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ:

Վերամշակման փորձեր

Կորյուն Սումբուլյանը պատմում է, որ վերամշակում կազմակերպելու համար նախապես Ուկրաինայից հրավիրել են տեխնոլոգի, որի հետ աշխատանքները, սակայն բավարար արդյունք չենք տվել:


«Տեխնիկային տիրապետեցինք, տեխնոլոգիային՝ ոչ, միգուցե որովհետեւ մեր բույսը բարձրլեռնային է եւ իրենց համար անծանոթ. իրենք հարթավայրային, գրունտային ջրերով հարուստ հողերի մշակմամբ են զբաղվում,- ասում է նա: -Արդյունքում հնդկացորենից հնդկաձավար չէր ստացվում, դառնում էր շիլա, իսկ այդպես շուկա դուրս գալ չէր կարելի, ես նախընտրում էի ուշացնել, բայց շուկա դուրս բերել որակյալ արտադրանք»:

Երկարատեւ աշխատանքներից հետո (որի պատճառով էլ գործարանի բացումը հետաձգվել է) Կորյուն Սումբուլյանը վերամշակման տեխնոլոգիային այսօր տիրապետում է գրեթե 99 տոկոսով, ընդ որում՝ ամեն ինչ սովորել է ինքնուրույն:

Վերամշակման ընթացքում, կախված հատիկի ծավալից, տեսակարար կշռից, հողի որակից, ստացվում է մինչեւ 65 տոկոս մաքուր ելք, 21 տոկոս կեղեւ, մնացածը՝ փշրանք եւ այլ մնացորդներ, որոնք առայժմ չեն կարողանում կեղեւից անջատել՝ սարքավորումների պակասի պատճառով:

Մթերում

Առաջին տարում ընդհանուր առմամբ գործարանը մթերել է 700- 800 տոննա հնդկացորեն: Գործարանի ղեկավարի խոսքով՝ կարող էր եւ ավելի շատ բերք լինել, եթե մի քանի շրջաններում բերքահավաքից առաջ կարկուտը չոչնչացներ ամբողջ բերքը: Գալիք տարում կունենան գրեթե նույն չափով՝ 350-370 հա ցանքատարածություն:

Վերամշակող կոոպերատիվը՝ «Նոր հատիկ»-ը, արտադրողից՝ կոոպերատիվների անդամներից, հնդկացորեն չի գնում:

«1 տոննայի հաշվով 45 հազ. դրամ վերամշակման ծախսն ենք միայն վերցնում, այդ 1 տոննան վերամշակում ենք, ու եթե ցանկանան՝ ամբողջը իրենց կվերադարձնենք,- ասում է Կորյուն Սումբուլյանը: -Բայց որպեսզի նրանք էլ դռնեդուռ չընկնեն վաճառքի համար, մենք փաթեթավորում ենք եւ հանում վաճառքի ու բացի վերամշակման ծախսից՝ ամբողջը վերադարձնում ենք արտադրողին»:

Սպառում

Նախատեսվում է, որ «Նոր հատիկ»-ը նախ կփորձի բավարարել ներքին շուկայի պահանջները, բայց կարող է մրցունակ լինել նաեւ արտաքին շուկայում: Որակային առումով ոչ միայն չի զիջում ներկրվածին, այլ որոշ չափանիշներով անգամ գերազանցում է. հատիկն ավելի խոշոր է, համեղ է, եփվում է 8-10 րոպեում:

Մյուս կողմից՝ Հայաստանում հնդկաձավարի արտադրությունը կարող է խթանել մեղվաբուծությունը (հնդկացորենի ծաղիկի նեկտարից ստանում են սովորականից ավելի մուգ գույն եւ յուրահատուկ համ ունեցող բարձրակարգ մեղր, 1 հա-ից՝ ավելի քան 300 կգ), իսկ հնդկաձավարի կեղեւն արդեն փորձնականորեն օգտագործվում է օրթոպեդիկ բարձերի կիրառության մեջ:


Գնային քաղաքականության հարցում ամեն ինչ հստակեցրել են. անկախ շուկայում ներկրվող հնդկաձավարի գնից (որը տարվա մեջ կարող է իջնել մինչեւ 350 դրամ կամ հասնել 700-ի)՝ «Նոր հատիկ»-ն ամբողջ տարի կվաճառվի կայուն գնով՝ 500 դրամի սահմաններում:

«Այդպես ավելի ազնիվ է,- վստահ է գործարանի ղեկավարը: -Հատկապես երբ որ մթերում ենք մասնավորից. ինչո՞ւ պիտի մեկի ապրանքը թանկ վաճառենք, մյուսինը՝ էժան»:

Ներքին մրցակցությունից  չեն վախենում. Ծովագյուղում ավելի վաղ բացված հնդկացորենի վերամշակման գործարանի հետ պարբերաբար ունենում են փորձի փոխանակում: Կորյուն Սումբուլյանը կարծում է, որ միասին պետք է պայքարեն հայկական արտադրանքի որակի բարելավման եւ սպառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

Իսկ «Նոր հատիկ»-ի տեսլականը Կորյուս Սումբուլյանի համար արդեն մշակված է.

«Կարծում եմ՝ 5 տարի հետո մենք պիտի ապահովենք հանրապետության հնդկաձավարի 30-40 տոկոսը՝  3000-4000 տոննա»:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 25759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai