ՓՄՁ-ները դրական են գնահատում արտոնագրային վճարի շուրջ վերջին զարգացումները

14.07.2017 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Գեւորգ Պողոսյան #ՓՄՁ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում անհրաժեշտ էր համարել բարձրացնել հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել էր, որ 2016թ. ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ: Մասնավորապես, ներկայում գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600 քմ պահանջի փոխարեն սահմանվել էր 100 քմ-ը:  

Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Banks.am-ը հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի տնօրեն Գեւորգ Պողոսյանին:

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի այս հանձնարարականը՝ նշելով, արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմի բարձրացումը նպաստավոր քայլ է ոլորտի կազմակերպությունների համար:

Նրա խոսքով՝ ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցները հուլիսի 7-ին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին բարձրաձայնել էին արտոնագրայինի շեմը նվազեցնելու որոշման խնդրահարույց լինելու մասին, ինչն էլ, հնարավոր է, շարժառիթ էր հանդիսացել վարչապետի այս հանձնարարականի համար:

«100-600 քմ միջակայքը ներառում է բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչների, որոնց համար արտոնագրային վճարող չհամարվելը կտրուկ կավելացնի հարկային բեռը, ինչի հետեւանքով կբարձրանա նաեւ հանրային սննդի շուկայական արժեքը: Այս փոփոխության ռեզոնանսային էֆեկտը բացասաբար կանդրադառնա նաեւ այն ՓՄՁ ներկայացուցիչների վրա, որոնք գյուղմթերք են ձեռք բերում առաջնային արտադրողից»,- նշել է Գեւորգ Պողոսյանը:

Նրա դիրքորոշմամբ՝ Հարկային օրենսգրքով «եթե անգամ անհրաժեշտություն կա ոլորտը դուրս բերելու արտոնագրային ռեժիմից, դա պետք է արվի քայլ առ քայլ, քանի որ շեմը 6 անգամ կրճատելը շատ ուժեղ հարված կլինի բազմաթիվ գործարարների համար»:
Դիտում՝ 4498
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai