Մանուկ Հերգնյան. ՀՀ-ն բարդ խնդիրների լուծման կենտրոն պետք է դառնա

14.07.2017 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ազգային մրցունակության զեկույց #Մանուկ Հերգնյան
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարող է բարդ խնդիրների ստեղծագործ լուծումների կենտրոն դառնալ:

Այս մասին Մանուկ Հերգնյանն ասել է «2017թ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց»-ի շնորհանդեսին, որն այս անգամ նվիրված է 4-րդ արդյունաբերական հեղափոխության մեջ Հայաստանին դերին:

Զեկույցը մշակել են «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունն ու «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Նրա խոսքով՝ նման կենտրոն դառնալու նախադրյալներն այսօր կան, քանի որ Հայաստանն ունի գիտատեխնիկական լավ ժառանգություն եւ հետաքրքիր միտումներ բարձր տեխնոլոգիական ոլորտում, այդ թվում՝ ռոբոտաշինության, արհեստական բանականության, բլոկչեյն տեխնոլոգիաների, 3D տպագրության բնագավառներում:

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը ոչ գծային զարգացման հնարավորություն է Հայաստանի համար: Մեր գնահատականներով՝ բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր տնտեսական ազդեցությունը Հայաստանում կարող է հասնել տարեկան մինչեւ $220 մլն-ի, սակայն դրա համար անհրաժեշտ են փոփոխություններ տնտեսական գործակալների վարքագծում եւ տնտեսական քաղաքականության մեջ»,- նշել է նա:


Մանուկ Հերգնյանի խոսքով՝ ՏՏ զարգացումը լի է նաեւ մարտահրավերներով, որոնցից է մի շարք մասնագիտությունների ավտոմատացումը եւ դրա հետեւանքով աշխատուժի նկատմամբ պահանջի որոշակի նվազումը. այս իրավիճակից զերծ չէ նաեւ Հայաստանը:

«Որքան բարձրանում է ոլորտների արտադրողականությունը, այնքան պակասում է աշխատուժի կարիքը: Դա նշանակում է, որ տնտեսական աճի տեմպերն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, պետք է շատ ավելի արագ լինեն, որպեսզի կարողանան կալնել ավելցուկային աշխատուժը»,- ընդգծել է նա:

Մանուկ Հերգնյանը նշել է, որ Հայաստանը նաեւ ունի յուրահատուկ՝ տարածաշրջանի անվտանգության ռիսկեր, որոնք տեխնոլոգիաների զարգացան տեսանկյունից կարող են վերափոխվել առավելության եւ խթանել բարձր տեխնոլոգիաների մշակմանը:

Մասնավորապես, Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում սկսել են ներգրավվել նաեւ ՏՏ ընկերություններ, իսկ հասարակության մոտ առաջացավ այն գիտակցությունը, որ պետք է ֆինանսավորել երկակի նշանակության հետազոտություններն ու մշակումները:

Խոսելով երկրի մրցունակության մասին, Մանուկ Հերգնյանը հիշեցրել է, որ «Մրցունակության համաշխարհային զեկույց»-ում 2016-ին զբաղեցրել է 79-րդ տեղը 138 երկրներ շարքում՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 3 կետով:

«Հայաստանը բարելավել է որոշ ուղղություններով իր դիրքերը, բայց, միեւնույն ժամանակ, այդ բարելավումները չեն եղել բավարար, որպեսզի մենք կարողանանք մեր դիրքերը զգալիորեն բավարարել: Մրցունակությունը մրցավազք է, եւ, բնականաբար, առաջընթաց են ապրում նաեւ մյուս երկրները: Մեր հիմնական թերությունները կապված են որոշ մակրոտնտեսական ցուցանիշների հետ, մասնավորապես՝ պարտքի բեռի, կրթության որակի, առեւտրայնացման հետ կապված»,- ընդգծել է նա:
 
Դիտում՝ 4282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai