«Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան կենտրոնը կգործի Ինժեներական քաղաքում

26.06.2017 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆիլիպ Մորիս» #Վահե Դանիելյան #Ինժեներական քաղաք
«Ֆիլիպ Մորիս»-ի կողմից Հայաստանում բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր եւ եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվի այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձեւավորելու նպատակով:  

Այս մասին հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի շրջանակում Banks.am-ին տեղեկացրել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը հիմնվելու է Բագրեւանդի (Ջրվեժ) Ինժեներական քաղաքում, որի ամբողջական գործարկումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

«Ընկերության ամբողջ գիտական հետազոտությունները ներկայում իրականացվում են «Ֆիլիպ Մորիս»-ի՝ Շվեյցարիայի եւ Սինգապուրի կենտրոններում: Հայաստանում բացվելիք կենտրոնը երրորդն է լինելու աշխարհում: Մարտին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակում նախատեսվում է «Ֆիլիպ Մորիս»-ի ինովացիոն կենտրոնի ստեղծում՝ հայաստանյան գիտական կենտրոնների հետ համատեղ: Խոսքը տարբեր ոլորտներում խոր գիտական հետազոտությունների մասին է՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ինժեներություն, թերմոդինամիկա եւ այլն: Ընտրված են ոլորտներ, որտեղ Հայաստանը կկատարի բեկումնային հետազոտություններ»,- նշել է Վահե Դանիելյանը:

«Ֆիլիպ Մորիս»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ապագայում այդ գիտական ուղղությունների հիման վրա կհիմնվի R&D (Research and Development) կենտրոն:

«Այդ կենտրոնում կմշակվեն լուծումներ՝ պատվիրված «Ֆիլիպ Մորիս»-ի R&D կենտրոնների կողմից եւ ոչ միայն: Նախատեսվում է, որ շվեյցարական հետազոտական կենտրոնի աշխատանքների որոշակի մասը, ինչպես նաեւ ուղղություններ, որոնք այնտեղ դեռ չեն մշակվում, կիրականացվեն հայաստանյան կենտրոնում: Խոսքը մի քանի ամսվա, առավելագույնը մեկ տարվա մասին է: Արդեն կա ոչ միայն ստորագրված փաստաթուղթ, այլեւ կայացած համագործակցություն «Ֆիլիպ Մորիս»-ի, հանրության եւ ՀՀ կառավարության միջեւ, որի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կղեկավարի ինովացիոն կենտրոնի բացման աշխատանքները»,- նշել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչը:

Վահե Դանիելյանն ընդգծել է, որ ծրագրի բյուջեն ներկա փուլում հստակ չէ եւ պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ լուծվող խնդիրների, իրականացվող նախագծերի քանակով եւ մասշտաբով:
Դիտում՝ 15746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai