GSP+ համակարգի շնորհիվ հայ արտահանողները €8,7 մլն են տնտեսել

23.06.2017 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#GSP+ #ԵՄ
Հայաստանից դեպի Եվրոպական միություն արտահանողները GSP+ համակարգի շնորհիվ, 2016թ. տվյալներով, շուրջ €8,7 մլն գումար են տնտեսել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Առեւտրի հարցերով խորհրդական Խուուս Հութուինը, որը ղեկավարում է Հայաստանում GSP+ մշտադիտարկման առաքելության առաջին այցը:

«Այցի նպատակն է մշտադիտարկել՝ արդյոք տրամադրված արտոնությունների դիմաց Հայաստանն ապահովում է միջազգային կոնվենցիաներով նախատեսված իր հանձնառությունների կատարումը տարբեր բնագավառներում՝ աշխատանքային իրավունքներ, շրջակա միջավայրի պահպանություն, բարեխիղճ կառավարում եւ մարդու իրավունքներ»,- ասել է Խուուս Հութուինը:

Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում արդեն իսկ հանդիպումներ են ունեցել քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների, աշխատողների եւ գործատուների միությունների հետ, եւ այսօր էլ երկարատեւ քննարկում՝ կառավարության հետ, լսել նրանց կարծիքներն ու մտահոգությունները:

«Մենք, իհարկե, լսեցինք մտահոգության առիթ տվող խնդիրների մասին, սակայն պետք է ասեմ, որ GSP+-ում ներկայումս ընդգրկված է 9 պետություն, որոնցից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, կատարյալ չէ»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը:

Այս առումով Հայաստանում նա առանձնացրել է երեք հիմնական խնդիր՝ աշխատուժի պաշտպանության արդյունավետ համակարգի բացակայություն, ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված միասնական օրենքի բացակայություն եւ խնդիրներ՝ կապված անկախ եւ արդյունավետ դատական համակարգի հետ:

Հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ինչ-որ կերպ անդրադարձել է GSP+ ծրագրի՝ Հայաստանին տրամադրվող արտոնությունների վրա, Խուուս Հութուինը նշել է, որ այս արտոնությունները Հայաստանին տրամադրվել են անկախ եւ առանձին կարգով՝ առանց դրա դիմաց հայաստանյան շուկա մուտքի որեւէ հնարավորության պահանջի:

«Այս համակարգը լրացուցիչ հնարավորություն է Հայաստանի համար՝ որպես նրա եվրոպական հանձնառության վկայություն»,- ընդգծել է նա:

Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Յուլիկա Պեսքաուն էլ նշել է, որ վերջին տարիներին ավելացել է հայ գործարարների կողմից GSP+ կիրառմամբ ինչպես արտահանված ապրանքատեսակների թիվը, այնպես էլ դրա ընդհանուր ապրանքաշրջանառությունը:

«Հայաստանը GSP+ արտոնություններից օգտվում է 2009-ից, 2014-ին համակարգը բարեփոխման է ենթարկվել, եւ եթե համեմատենք մինչեւ 2014թ. ընկած ժամանակահատվածը 2014-ից մինչեւ օրս ժամանակահատվածի հետ, կտեսնենք, որ GSP+  արտահանման սակագնային տողերի թիվը 8%-ով աճել է, ինչը վկայում է այն մասին, որ ավելի շատ արտահանողներ են օգտվել դրանից եւ ավելի բազմապիսի ապրանքներ են արտահանվել դեպի ԵՄ»,- նշել է  Յուլիկա Պեսքաուն:
Դիտում՝ 11318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai