Արարատբանկը 2016-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշների աճով

16.06.2017 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #հաշվետվություն
Արարատբանկն այսօր կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2016թ. արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:

Մասնավորապես, բանկի ակտիվները 2016թ. դրությամբ կազմել են 200,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 51,8%-ով, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 58,7% եւ կազմել 104,9 մլրդ դրամ: Պարտավորությունները մեկ տարում ավելացել են 52,7%-ով եւ կազմել 167,3 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2016թ. տվյալներով կազմել է 33,2 մլրդ դրամ: Արձանագրվել է 1,1 մլրդ դրամ զուտ շահույթ (աճը՝ 15,7%):

«Արարատբանկի համար 2016թ. հաջողակ տարի էր: Մեզ հաջողվել է գրանցել զգալի շահույթ, տարվա ընթացքում որոշում ենք կայացրել ձեռք բերելու մեկ այլ առեւտրային բանկ, արդյունքում արձանագրել ենք ակտիվների եւ պարտավորությունների 50%-ից ավելի աճ: Լավատեսորեն ենք տրամադրված նաեւ 2017թ. համար»,- հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը՝ հավելելով, որ տարվա ընթացքում նախատեսվում է կապիտալի նոր համալրում:

Խոսելով բանկի ռազմավարության մասին՝ Աշոտ Օսիպյանն ասել է, որ առաջիկայում բանկի մասնաճյուղերի «դասական» մոդելին ավելանալու են «թվային»-ն ու «ներդրումային»-ը: Ծրագիրը կոչվում է «նեոբանկ» եւ իրագործվելու է 3 տարվա ընթացքում:

«Մասնաճյուղերի ցանցով, ըստ էության, ծածկել ենք հանրապետության գրեթե ամբողջ տարածքը: Մեր ներկայիս խնդիրն է բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը: Ձգտելու ենք մասնաճյուղերը դարձնել ավելի արդիական, անցնել առանց թղթի (paperless) գործառնությունների, որպեսզի հաճախորդները ստանան հարմարավետ եւ արագ սպասարկում: Շարժվելու ենք see your future կարգախոսով, որպեսզի մեր մասնաճյուղերում հաճախորդները տեսնեն իրենց ապագան»,- նշել է բանկի ղեկավարը:

Աշոտ Օսիպյանի խոսքով՝ Արարատբանկը, լինելով ունիվերսալ կառույց, շարունակելու է տեղաբաշխել իր միջոցները տնտեսության բոլոր ճյուղերով եւ մատուցել տարատեսակ բանկային ծառայություններ՝ սկսած պլաստիկ քարտերի սպասարկումից՝ վերջացրած արժեթղթերով գործառնություններով եւ ֆակտորինգով:
 
«Բանկի համար համեմատաբար նոր ուղղություն է գյուղվարկավորումը, որն իրականացնում ենք նոր տեխնոլոգիայով: Այս ուղղությամբ եւս արդյունքները գոհացուցիչ են. բանկն ունի գյուղվարկավորման առողջ փաթեթ»,- ընդգծել է նա:

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշել է, որ Արարատբանկը, շնորհիվ ծառայությունների լայն շրջանակի եւ ակտիվ բանկային գործունեության, իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի ֆինանսական համակարգում:

Նրա խոսքով՝ բանկը տարբեր ֆինանսական գործիքների միջոցով ակտիվորեն ներդրումներ է կատարում ՀՀ տնտեսությունում:

«Բանկը, օգտվելով կապիտալի ավելացման պահանջից, լուրջ որոշում կայացրեց իրեն միավորել այլ բանկի: Այս գործընթացի սահուն անցկացումը նոր մշակույթ է մեր ֆինանսական համակարգում: Գնահատելի է, որ մասնաճյուղերի լայն ցանցի շնորհիվ Արարատբանկի ծառայությունները ներկայացված են ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Ներսես Երիցյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը եւս բարձր է գնահատել Արարատբանկի գործունեությունը:

«Արարատբանկն իր պատմության մեջ միշտ աչքի է ընկել նորարարական մոտեցումներով եւ իր բաժնետերերի շահերի պաշտպանությունով: Նա առաջինն էր Հայաստանում, որ 2007-ին որպես ֆինանսական նոր գործիք թողարկեց կորպորատիվ պարտատոմսեր եւ այդ պահից ի վեր դարձավ արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից: Արարատբանկն առաջիններից է, որ վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության՝ ճանապարհ բացելով նաեւ մյուս ընկերությունների առջեւ: Չնայած 2016թ. բանկային համակարգի եւ ամբողջ տնտեսության համար բավական դժվարին տարի էր, բանկը տարվա արդյունքներով գրանցել է պատկառելի զուտ շահույթ՝ անցնելով 1 մլրդ դրամի շեմը»,- նշել է Սամվել Ճզմաչյանը:
Դիտում՝ 6727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai