Երեւանը պետք է ժամանակակից եվրոպական տեսք ունենա, ասել է նախագահը

12.06.2017 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
# Տարոն Մարգարյան #Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, դիմելով Երեւանի նորընտիր քաղաքապետին, ասել է՝ «Տարոն ջան, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես»:

«Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:

Դիմելով Երեւանի նորընտիր ավագանու անդամներին՝ նախագահը հույս է հայտնել, որ նրանք տարաձայնությունները մի կողմ կդնեն եւ կմիավորվեն Երեւան համայնքի ընդհանուր շահի շուրջ:

«Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ակնկալվող փոփոխություններին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով եւ անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Նա կարեւորել է նաեւ նոր աղբավայրի եւ միջնաժամկետ հեռանկարում՝ աղբի վերամշակման գործարանի կառուցումը:

Նախագահը կոչ է արել նաեւ ամենալուրջ ուշադրությամբ քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը:

Որպես Երեւանի գերխնդիր՝ Սերժ Սարգսյանն առանձնացրել է տրանսպորտային համակարգը:

«Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթեւեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երեւույթ: Երեւանցիների եւ հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ»,- ասել է նախագահը՝ կոչ անելով արագացնել միջազգային խորհրդատուի հետ միասին Երեւանի տրանսպորտային համակարգի զարգացման աշխատանքները:
Դիտում՝ 2565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai