Գործարկվել է ExportRussia նախագիծը՝ հատուկ հայ արտադրողների համար

26.05.2017 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ExportRussia #Տիգրան Գրիգորյանց
Մոսկվայում գործարկվել է ExportRussia նախագիծը, որի նպատակն է հայ արտադրողներին տրամադրել բազմատեսակ ծառայություններ՝ իրենց արտադրանքը ռուսաստանյան շուկայում սպառելու համար:

Նախագծի հիմնադիր Տիգրան Գրիգորյանցը Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ մշակվել է հատուկ գործիքակազմ՝ հայ արտադրողներին իրատեսական եւ արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: Մասնավորապես, պոտենցիալ պատվիրատուից հարցումը ստանալուց հետո իրականացվում է տվյալ ապրանքային սեգմենտի մոնիթորինգ, ուսումնասիրվում է մրցակցային ներուժը, որի արդյունքում էլ մշակվում է առաջմղման ռազմավարությունը եւ առաջարկվում սպառման հարթակները:

«Ռուսական շուկան գերհագեցած է, բայց եւ այնպես մեր պատվիրատուների առաջարկներին անհատական մոտեցում ցուցաբերելու եւ թիրախային հարթակներ առաջարկելու շնորհիվ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն: Մեկնարկային փուլում հայրենական արտադրանքի սպառումը նախատեսում ենք իրագործել գործընկեր ռուսական օնլայն հարթակների միջոցով՝ աստիճանաբար ընդլայնելով մեր գործունեությունը դեպի ՌԴ առեւտրային կենտրոններ»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս համատեքստում խոսքը միայն ոչ պարենային ապրանքների մասին է:

Տիգրան Գրիգորյանցի փոխանցմամբ՝ արդեն իսկ գործում է Exportrussia.am կայքը, որի միջոցով էլ հայ արտադրողները կարող են ուղարկել իրենց հարցումը՝ ներկայացնելով ապրանքի տեսականին, նկարագրությունը, լուսանկարներն ու գնային առաջարկը:

«Ուսումնասիրության տարբեր փուլերն անցնելուց հետո պատվիրատուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Կցանկանայի նաեւ նշել, որ սպառման գործընթացը կազմակերպելուց բացի, պատրաստ ենք տրամադրել ուղեկցող ծառայություններ՝ փաստաթղթերի ձեւակերպում, սերտիֆիկացիա, ինչպես նաեւ ապրանքի փոխադրում Հայաստանից Ռուսաստան»,- եզրափակել է Տիգրան Գրիգորյանցը:
Դիտում՝ 10378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai