Սնանկության վարույթներում խաղի կոշտ կանոններ կսահմանվեն

25.05.2017 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկել է «խաղի կոշտ կանոններ» սահմանել սնանկության վարույթներում:  

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գործնականում սնանկացման գործընթացում առողջացման շատ քիչ դեպքեր ունենք: Այն դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ միայն 2016-2017 թթ. տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ:

«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե՛ վարչարարության կազմակերպման, թե՛ օրենսդրության, թե՛ սնանկության բնութագրիչների բացահայտման եւ այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաեւ այն, որ այս ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար եւ ոչ համակարգված»,- ասել է վարչապետը:

ՊԵԿ նախագահին հանձնարարվել է  երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման ու ծանուցման ինստիտուտի, ինչպես նաեւ համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն:

ՊԵԿ նախագահը կներկայացնի նաեւ տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման եւ բացահայտման գործիքակազմ:
Հանձնարարվել է նաեւ առաջարկություններ ներկայացնել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման եւ կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկացման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:
Դիտում՝ 1513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai