Ararat-ը Մոսկվայի դատարանում հաղթել է Marlboro-ին

13.04.2017 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գրանդ Տոբակո» #«Ֆիլիպ Մորիս» #ՏՄՊՊՀ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը, մարտի 31-ի որոշմամբ, ամբողջովին մերժել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայցն ընդդեմ «Գրանդ Տոբակո»-ի՝ հաստատելով, որ վերջինիս գործողությունների մեջ հակամրցակցային որեւէ տարր չկա:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության ներկայացրած հայցի համաձայն՝ «Գրանդ Տոբակո»-ի Ararat անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են Marlboro ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել էր դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:

Մոսկվայի արբիտրաժային դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միմյանցից էականորեն տարբեր են:

ՏՄՊՊՀ-ն հիշեցնում է, որ ավել վաղ «Գրանդ Տոբակո»-ն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքն իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների:  

Մասնավորապես, «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ էր ստեղծել «Գրանդ Տոբակո»-ի համար: Համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ՝ փորձել էր խոչընդոտել վերջինիս արտադրանքի իրացումը:

ՏՄՊՊՀ-ն, ուսումնասիրելով խնդիրը, հանգել էր եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջեւ շփոթություն առկա չէ:

Հանձնաժողովը խնդրի կարգավորման հարցում ներգրավել էր նաեւ ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը: Համատեղ ուսումնասիրություններով եւս ամրագրվել էր, որ «Գրանդ Տոբակո»-ն օրենսդրական որեւէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ եւ արդար մրցակցային կանոններով:

ՏՄՊՊՀ-ում ընդգծել են, որ Մոսկվայի դատարանի այս որոշումն աննախադեպ է այն տեսանկյունից, որ ՀՀ մրցակցային մարմնի եւ տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր է եղել հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում:

Հանձնաժողովը նաեւ նշում է, որ այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների:

Դիտում՝ 3485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai