ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

28.03.2017 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

ԿԲ-ում նշել են, որ փետրվարին արձանագրվել է 0,9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է -0,2%:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ 12-ամսյա գնաճը, ինչպես եւ կանխատեսվում էր, կշարունակի վերականգնվել եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

«Արտաքին հատվածում ընթացող միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել է կանխատեսվածի համեմատ գնաճային միջավայրի ավելի ընդլայնում: Դեռեւս առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման արագության եւ զարգացող ու այլ զարգացած երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվար ժամանակահատվածում դրսեւորված տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված ավելի մեծ աճերով:

Միեւնույն ժամանակ, ԿԲ բնորոշմամբ, շարունակում է աստիճանաբար վերականգնվել ներքին պահանջարկը՝ առավելապես կրելով 2015-2016 թթ.-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունը:

«Նման պայմաններում, հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12 անգամ եւ ընդհանուր հաշվով 4,5 տոկոսային կետով իջեցման հանգամանքը, որի ազդեցությունը շարունակելու է փոխանցվել տնտեսությանը 2017-ի ընթացքում, ԿԲ խորհուրդն այս պահին նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ակնկալելով տնտեսական ակտիվության եւ գնաճի վերականգնման տեմպերի արագացում»,- ընդգծել են ԿԲ-ում:

Կարգավորիչը տեղեկացրել է, որ արտաքին եւ ներքին տնտեսական զարգացումներին եւ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսեւորմանը ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7,5% եւ 4,5%:

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն օրերս Reuters գործակալության հետ զրույցում նշել էր, որ ԿԲ-ն մտադիր չէ շարունակել դրամավարկային մեղմացնող քաղաքականությունը, քանի որ «չափից ավելի ցածր տոկոսադրույքները կարող են ռիսկեր առաջացնել»:

Դիտում՝ 1743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai