Reuters. ՀՀ ԿԲ-ն դրամավարկային պայմանների հետագա մեղմացում չի ծրագրում

27.03.2017 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Reuters գործակալության հետ զրույցում ասել է, որ ԿԲ-ն մտադիր չէ շարունակել դրամավարկային մեղմացնող քաղաքականությունը, քանի որ «չափից ավելի ցածր տոկոսադրույքները կարող են ռիսկեր առաջացնել»:

Գործակալությունը գրում է, որ Հայաստանում վերջին շրջանում նկատվում է գնանկումային միջավայր՝ պայմանավորված Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հետեւանքով այս երկրից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատմամբ, որը հարվածել է սպառողական պահանջարկին:

Գնաճն ու սպառողական պահանջարկը խթանելու նպատակով 2015թ. օգոստոսից ՀՀ ԿԲ-ն սկսել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,5%-ից 2017թ. փետրվարին հասցնելով 6%-ի:

«Առկա մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների զարգացման վրա: Հետեւաբար, ԿԲ-ն ավելի զգուշավոր կլինի դրա հետագա հնարավոր իջեցումը դիտարկելիս»,- նշել է Արթուր Ջավադյանը` դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը գնահատելով բավարար:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի վերաբերյալ հերթական որոշումը կկայացնի վաղը՝ մարտի 28-ին:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ դոլարայնացման բարձր մակարդակն ու ավանդների տոկոսադրույքների դանդաղ նվազումը սահմանափակում են ԿԲ-ի` դրամավարկային քաղաքականության ոլորտի մանեւրը, սակայն կարգավորչի գլխավոր խնդիրն է պահպանել գների կայունությունը:

«Եթե ԿԲ-ն գնահատի, որ նպատակային ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն աճում են, ապա հավուր պատշաճի կարձագանքի դրան՝ կիրառելով երկում գների կայունության ապահովման ամբողջ գործիքակազմը»,- ընդգծել է ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում սպառողական գները կշարունակեն մնալ ցածր մակարդակի վրա, իսկ 2019-ին աստիճանաբար կհասնեն թիրախային 4%-ին:

«Դա կապահովի տնտեսության ընդհանուր հավասարակշռությունը՝ նվազագույն բացասական հետեւանքներով»,- ասել է Արթուր Ջավադյանը:

ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը 2017-ին կկազմի 0,6%, իսկ 2018-ին՝ 2,2%. կանխատեսումները վերանայվում են եռամսյակը մեկ:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է նաեւ տնտեսական աճին՝ նշելով, որ ԿԲ-ն կարող է բարձրացնել ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իր կանխատեսումը, սակայն ընթացիկ տարում այն, ամենայն հավանականությամբ, կմնա 2,2-3,2%-ի շրջանակում:

«Աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման եւ ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպես նաեւ շարունակական կառուցվածքային բարեփոխումներով»,- ասել է նա:

ԿԲ ղեկավարի խոսքով` առեւտրային բանկերը ցուցաբերել են ցնցումների եւ ռիսկերի նկատմամբ բավական լավ դիմացկունություն:

«Բանկերի` ռիսկերի կլանման ունակությունն ավելացել է, աճել է նաեւ իրացվելիությունը, ինչը նոր գործարար ծրագրերի ֆինանսավորման մեծ պոտենցիալ է ստեղծում»,- ընդգծել է նա:

Արթուր Ջավադյանի խոսքով` ՀՀ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը կազմում է 20%, իսկ չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016-ին կրճատվել է 1 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 6,2%: Օտարերկրյա ներդրողներին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր բանկային համակարգի կապիտալի 62%-ը:

Դիտում՝ 16421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai