Երեւանում խոսել են ԱՃԹՆ ստանդարտի ներդրման կարեւորության մասին

24.03.2017 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել են այս ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքն ու հեռանկարները:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մասնակցելով միջոցառման բացմանը, նշել է, որ սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է հանքարդյունաբերությունը դարձնել առավել թափանցիկ, իսկ պետական մարմինների եւ արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու:

«Մեզ համար կարեւորը հավասարակշռության այն բանաձեւը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ եւ արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի եւ ստանդարտների կիրառմամբ»,- ասել է վարչապետը:  

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն էլ ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված ԱՃԹն ստանդարտին անդամակցությանը:

«Ամենակարևորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու և մաքուր, պատասխանատու և ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, որի աջակցությամբ դասընթացներ են կազմակերպվել բազմաշահառու խմբի անդամների համար, ԱՃԹՆ թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը մեծ առաջընթաց է համարել եւ նշել, որ ուրախությամբ են իրենց փորձն ու գիտելիքները կիսելու:

Համաշխարհային բանկի հաղորդակցության մենեջեր Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հանքարդյունաբերության կայուն եւ համաչափ զարգացման համար կարեւոր է, երբ «խոսելու հնարավորություն ունի թե՛ պետությունը, թե՛ բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2017-2018 թթ ծրագրում, որպես առաջնահերթություն, ամրագրելու են հանրային իրազեկումը, հաշվետվողականության բարձրացումը, ներդրումային միջավայրի բարելավումըˋ նշելով, որ կան առաջնային ստանդարտներ, որոնք եւս պետք է բավարարեն:

Բազմաշահառու խմբի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը համարել է շրջադարձային ձեռքբերում եւ նկատել, որ «Լիդիան Արմենիա»-ն առաջին իսկ օրից աջակցել է նախաձեռնությանը միանալու գործընթացին:

«Այստեղ կա առավելագույն թափանցիկություն եւ խաղի հստակ կանոններ, ինչը կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանն ու այստեղ կբերի ավելի պատասխանատու ներդրողների»,- ասել է Արմեն Ստեփանյանը:

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն էլ նկատել է, որ «Լիդիան Արմենիա»-ն իր գործունեության հենց սկզբից աշխատել է թափանցիկության սկզբունքով:

«Այն, ինչ մենք վճարում ենք պետությանը՝ թափանցիկ եւ բաց է: Այս նախաձեռնությանը միանալը մեր՝ «Լիդիան»-ի բաժնետերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, քանի որ սա ազդակ է այն մասին, որ երկիրը բաց ու թափանցիկ»,- ասել է նա:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, բազմաշահառու խմբի անդամ Ինգա Զառաֆյանն էլ նշել է, որ քաղհասարակությանն ամենից շատ մտահոգողը բնապահպանական խնդիրներն են, ինչն առաջնահերթ է լինելու իրենց աշխատանքում:

Հայաստանը թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, պետք է հրապարակի իր ԱՃԹՆ առաջին զեկույցը, իսկ մինչեւ 2018թ. հունվարի մեկը կազմի ճանապարհային քարտեզ այն մասին, թե ինչ ուղիներով պետք է բացահայտի իրական սեփականատերերին:

«Վերջանական բացահայտումը պետք է լինի ոչ թե կազմակերպությունների, այլ ֆիզիկական անձանց մակարդակով: Ներկայում ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, ձեռքբերումներն ու ձախողումները՝ ունենալու մեր համար ընդունելի եւ արդյունավետ մոդելը»,- Մեդիամաքսի հարցին ի պատասխան ասել է Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանն աշխարհի 51-րդ երկիրն է, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: Վերջինի նպատակն է բարելավել բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ հրապարակելով գազի, նավթի եւ հանքարդյունաբերության ոլորտների կազմակերպությունների կողմից վճարվող հարկերը եւ կառավարության կողմից ստացվող եկամուտները:

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշման մասին Banks.am-ն ավելի վաղ զրուցել էր բրիտանական «Ադամ Սմիթ Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության առաջատար փորձագետ Ջերեմի Ուեյթի հետ:

Դիտում՝ 1069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai